Մատչելիության հղումներ

Թրամփը Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է նաև ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցը


ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները Համբուրգում, 7-ը հուլիսի, 2017թ.
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները Համբուրգում, 7-ը հուլիսի, 2017թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ Թվիթերում կարճ ամփոփել է Համբուրգում հուլիսի 7-ին կայացած իր առաջին հադիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Թրամփը գրել է, որ երկու անգամ շատ խիստ բարձրացրել է ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցը, և հավելել, որ Պուտինը հերքել է այդ միջամտությունը։

Թրամփը գրել է նաև, որ Պուտինի հետ պայմանավորվել է կիբեռանվտանգության խումբ ստեղծելու մասին, սակայն ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Նիքի Հեյլին երեկ CNN-ին ասել է, թե Վաշինգտոնը երբեք չի վստահել և մտադիր չէ վստահել Մոսկվային կիբեռանվտանգության հարցերում։

Հիշեցնենք, որ հանդիպման նախօրեին CNN-ը, վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրը, նշել էր, որ Պուտինի հետ հանդիպմանը Թրամփը չի խոսի ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտությունից։

Միացյալ Նահանգների նախագահը Թվիթերում նաև գրառում է կատարել Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերաբերյալ։

«Հանդիպմանը պատժամիջոցների չեղարկման հարցը չի քննարկվել։ Ռուսաստանի դեմ այդ պատժամիջոցները չեն չեղարկվի, քանի դեռ չեն կարգավորվել ուկրաինական և սիրիական հարցերը», - գրել է Թրամփը

Հիշեցնենք, Միացյալ Նահանգները Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանեց ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների։

«Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ արդյունավետ համագործակցելով առաջ շարժվելու ժամանակն է եկել», - գրել է Թրամփը։

Հիշեցնենք, Մեծ քսանյակի գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել մամուլի ասուլիսով և բավականին մանրամասն պատմել էր Թրամփի հետ հանդիպումից։ Նա, մասնավորապես, ասել էր, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը պայմանավորվել են Սիրիայի հարավ-արևմուտքում անհապաղ զինադադարի մասին։

Ռուսաստանցի փորձագետները նկատում են, որ Պուտինը Թրամփի հետ իր առաջին հանդիպումից գոհ էր։

Հիշեցնենք, հուլիսի 7-ից 9-ը Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի է ունեցել Մեծ քսանյակի գագաթնաժողովը, որի շրջանակներում կայացել էր Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների առաջին հանդիպումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG