Մատչելիության հղումներ

Ավելի քան 2 ժամ տևած Թրամփ-Պուտին հանդիպումն ավարտվեց


Համբուրգ, 7-ը հուլիսի, 2017 թ․
Համբուրգ, 7-ը հուլիսի, 2017 թ․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ ավարտեցին իրենց հանդիպումը Համբուրգում ընթացող Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում:

Նախատեսված 35 րոպեի փոխարեն հանդիպումը շարունակվեց ավելի քան 2 ժամ:

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ հանդիպումից հետո նախատեսված է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և նրա ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի բրիֆինգը լրագրողների համար:

Հանդիպումը բացեց Դոնալդ Թրամփը: Նա հայտարարեց, որ ուրախ է հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ՝ հավելելով․ - «Հուսով ենք, որ բազմաթիվ դրական տեղաշարժեր կլինեն թե՛ Ռուսաստանի, թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ ընդհանրապես բոլորի համար: Ինձ համար պատիվ է Ձեզ հանդիպելը»:

Պուտինը իր հերթին ասաց, որ ուրախ է Թրամփի հետ անձամբ ծանոթանալու համար և հավելեց․ - «Եթե մենք ուզում ենք քննարկել երկկողմ հարցեր և սուր, հրատապ միջազգային հարցեր, նման անձնական հանդիպումները անհրաժեշտ են: Հուսով եմ, որ հանդիպումը դրական արդյունքներ կտա»:

Հանդիպմանը մասնակցում են նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները: Միացյալ Նահանգների պետքարտուղարը և Ռուսաստանի արտգործնախարարը այսօր ավելի վաղ առանձին հանդիպում են ունեցել:

Պուտին - Թրամփ հանդիպումը չափազանց կարևորում են Մոսկվայում: Փորձագետները չեն բացառում, որ երկու պետությունների ղեկավարները գնան փոխզիջումների:

Այսօր ավելի վաղ միջազգային առևտրին նվիրված ընդհանուր քննարկմանը, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինի փոխանցմամբ, Պուտինը Թրամփին ասել էր, թե դժվար է խոսել միջազգային առևտրի մասին պատժամիջոցների առկայության պարագայում:

Փորձագետները կանխատեսում են նաև, որ ռուս-ամերիկյան բանակցությունների օրակարգում կենտրոնական կլինեն Սիրիային, Ուկրաինային և Հյուսիսային Կորեային վերաբերող հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG