Մատչելիության հղումներ

Լավրովը «շատ կոնկրետ» է որակում Պուտինի և Թրամփի զրույցը


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «շատ կոնկրետ» է որակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի զրույցը այսօր Համբուրգում կայացած հանդիպման ժամանակ։

«Շատ տևական, կոնկրետ զրույց էր։ Իմ տպավորությամբ՝ հաստատվեց, որ նախագահները՝ և՛ ռուսաստանյան, և՛ ամերիկյան, առաջնորդվում են առաջին հերթին իրենց երկրների շահերով և հասկանում են այդ շահերը նախ և առաջ նրանում, որպեսզի որոնեն փոխշահավետ պայմանավորվածություններ, այլ չփորձեն խաղարկել առճակատման սցենարներ, չփորձեն խնդիրներ ստեղծել չեղած տեղից», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Լավրովը։

Երկու գերտերությունների ղեկավարները, ըստ նրա, տրամադրված էին «փնտրել լուծումներ, որոնք համապատասխանում են ԱՄՆ և ՌԴ ազգային շահերին և ամբողջ միջազգային հանրության շահերին»։

Լավրովը մանրամասնել է, որ Թրամփը և Պուտինը քննարկել են Սիրիայի, Ուկրաինայի, Կորեական թերակղզու, կիբերանվտանգության խնդիրները և «մի ամբողջ շարք այլ հարցեր», մի շարք կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել։

ԱՄՆ նախագահը, ասել է Սերգեյ Լավրովը, լսել է ռուսաստանյան իշխանությունների հայտարարությունը Միացյալ Նահանգների ընտրություններին չմիջամտելու մասին, ընդունում է դրանք և համարում է, որ հակառակում Ռուսաստանին մեղադրելու արշավը «տարօրինակ է»։

«Նախագահ Թրամփը <...> ասաց, որ այդ արշավը արդեն ձեռք է բերում բավական տարօրինակ բնույթ, քանի որ շատ ամիսների ընթացքում, երբ այդ մեղադրանքները հնչում են, ներկայացված չէ գեթ մեկ փաստ», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Նախօրեին ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի հասցեին Վարշավայում արած քննադատական հայտարարությունների թեման, ըստ Լավրովի, հանդիպման ժամանակ չի քննարկվել։

Հիշեցնենք՝ նախօրեին Լեհաստանի մայրաքաղաքում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, մասնավորապես, որ հավանական է համարում ԱՄՆ նախագահի 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը, և որ Ռուսաստանի գործողություններն Արևելյան Եվրոպայում ապակայունացնող բնույթ ունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG