Մատչելիության հղումներ

2018-ը հեռու չէ, քաղաքական ուժերը պետք է աշխատանք տանեն. Դավիթ Սանասարյան


2018 թվականը շատ հեռու չէ, և մինչ այդ քաղաքական ուժերը պետք է աշխատանք տանեն։ Այսօր «Ազատության» հետ զրույցում այդ մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, կուսակցության նախկին խոսնակ Դավիթ Սանասարյանը։

«2018 թվականը շատ հեռու չէ, և, մինչ այդ, քաղաքական ուժերը պետք է աշխատանք տանեն, հատկապես որ քաղաքական ուժերը ձախողել են ընտրությունների ժամանակ, և իշխանությունները վերարտադրվել են՝ այն իշխանությունները, որոնց գործունեության արդյունքում երկրում աճում է աղքատությունը, արտագաղթը», - ասաց Սանասարյանը։

«Ժառանգության» նախկին անդամ, այժմ «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, հիշեցնենք, «Ելք» դաշինքին մեղադրեց ոչ-իրական ընդդիմություն լինելու մեջ:

Հարցին, թե ինքը և՞ս համարում է, որ «Ելք»-ն ընդդիմություն չէ, և խորհրդարանում կա՞ իրական ընդդիմություն, Սանասարյանը պատասխանեց. - «Ես նման գնահատական չեմ տա։ Բնականաբար, կա խորհրդարանում ընդդիմություն, բայց տարբեր պատկերացումներ կան նույն ընդդիմության վերաբերյալ՝ մեկը շատ ծայրահեղ է պատկերացնում, մեկն ավելի մեղմ պատկերացում ունի, բայց ես չեմ կիսում այն կարծիքը, որ խորհրդարանում ընդդիմություն չկա։ Իմ պատկերացրած գործունեությունը մի փոքր այլ է՝ զուտ ամբիոն զբաղեցնելն ու զուտ քննադատելը, դեռևս չի նշանակում բավարար չափով կատարել ընդդիմադիր գործունեություն»։

«Ներկայիս քաղաքական ուժերը պետք է փորձեն իրար հասկանալ, թեկուզ 2018-ից առաջ կարողանան ճիշտ դիրքավորում իրականացնել», - ասաց «Ժառանգության» անդամը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG