Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայացուցիչը հայ գործարարներից «պաշտոնական բողոքներ» չի ստացել


Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Կարինե Մինասյան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Կարինե Մինասյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ Կարինե Մինասյանը տեղեկություն չունի այն մասին, որ Վերին Լարսում հայ վարորոդներից ապօրինի գանձումներ են կատարվում, երբ նրանք հատում են վրաց-ռուսական սահմանն ու մուտք գործում ԵԱՏՄ միասնական շուկա։

«Ես այսօրվա դրությամբ ոչ մի նամակ չեմ ստացել հայկական բիզնեսից», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Մինասյանը։

Լրագրողների դիտարկմանը, թե բեռնափոխադրողների ամիսներով շարունակվող դժգոհությունների մասին խոսում են նաև հայ նախարարները, Մինասյանն արձագանքեց, թե սպասում է «ֆորմալ, պաշտոնական գրության»:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Մինասյանը, ով, ի դեպ, սկզբում չէր ցանկանում հայերենով հարցազրույցը տալ, նշեց, որ անհրաժեշտության դեպքում իրենք օգնում են բիզնեսին և հարթում են սահմանում առաջացած խնդիրները։ Վերջերս, օրինակ, կարգավորել են հայկական սերտիֆիկատի ճանաչման հարցը։

«Ազատությունը» Մինասյանից հետաքրքրվեց, թե արդյոք խնդիրն առնչվում էր այն հարցին, որ թուրքական լոլիկը հայկական սերտիֆիկատով հայտնվում է ռուսական շուկայում։ Հիշեցնենք, որ դեռ տարեսկզբին մամուլը գրեց, թե հայկական արտադրանքի անվան տակ մեծ քանակությամբ թուրքական լոլիկ է արտահանվել Ռուսաստան։

«Ես չէի ուզենա էդ հարցը քոմենթ անել: Ֆորմալ դրա մասին տեղեկատվություն չունեմ», - արձագանքեց նա:

Գործարարների դժգհությունը «Ազատությունը» փոխանցեց նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին։ Նախարարն ասաց․ - «Նման բողոքներ չկա: Իսկ ինչո՞ւ չեք նայում, որ բավականաչափ մեծ աճ կա արտահանումը․․․»

Սուրեն Կարայանը, սակայն, վստահորեն պնդում է, թե ԵԱՏՄ-ի կազմում Հայաստանը գրանցում է շոշափելի արդյունքներ։ Միայն 2016 թվականին արտահանման ծավալը դեպի միության անդամ երկրներ աճել է 53 տոկոսով։ Նրա խոսքով, Եվրասիական միությանն անդամակցելուց հետո Հայաստանը գրավիչ է դարձել նաև օտարեկրյա ներդրողների համար․ - «Այդ ներդրողները ավելի շահագրգռված են ներդրումներ անել Հայաստանի Հանրապետությունում, որովհետև ներդրումներ անելով Հայաստանի Հանրապետությունում, իրենք մուտք ունեն 180 միլիոնանոց շուկա»:

Նախարարի պնդմամբ՝ եթե Հայաստանը չանդամակցեր միությանը, ավելի մեծ տնտեսական խնդիրներ էր ունենալու։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, մինչդեռ, նշում է, որ ինտեգրման գործընթացն ավելի անցավ դարձնելու համար ֆինանսական միջոցներ են պետք։ Նա անդամ երկրներին առաջարկել է այս նպատակի համար կոմիտեից գումարներ հատկացնել, մասնագետներ գտնել։

Ղազարյանն օրինակ է բերում Եվրամիության հետ փորձը․ - «Երբ հինգ տարի մենք ասոցացման համաձայնագրին էինք պատրաստվում, եվրոհամայնքը զգալի գումարներ էր հատկացնում էքսպերտներ պահելու, վերլուծական կենտրոններ բացելու, որպեսզի մասնագետներին վճարեն բարձր․․․ Եվ մենք շատ լավ ադապտացրեցինք Հայաստանի օրենսդրությունը, տնտեսական մշակույթը, մենեջմենթը: Այստեղ մենք այդ ռեսուրսները չունենք: Օրինակ, ես հարց բարձրացրեցի, որ հավակնում եմ, որպեսզի այդ միութենական բյուջեից նման գումարներ հատկացվի՝ անցումային փուլին լիարժեք ադապտացիոն արձագանք տալու համար»:

Ինչ վերաբերում է Լարսում առաջացող խնդիրներին, ապա ռուս մաքսավորներին կաշառք տալու մասին լսել է նաև Ղազարյանը։ Ասաց, որ նման անօրեն պահվածքով աչքի են ընկնում Ռուսաստանի Դաշնության պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները։ Սրան գումարվում է Լարսի անցակետի տեխնիկական թերի հագեցվածությունն ու մաքսավորների դանդաղ աշխատանքը․ - «Եվ արդյունքում լինում են դեպքեր, որ այդ հրահանգները կիսատ են կատարվում, խոչընդոտներ են առաջանում․․․ Հատկապես Լարսի անցակետն անցնելիս կոռուպցիայի դեպքերը նվազել են, բայց իսպառ չեն վերացել»:

Խոցելի խմբում են, ըստ Ղազարյանի, հատկապես այն գործարարները, որոնք բեռն ուղեկցող փաստաթղթերում թերություններ ունեն։

Հարցին, թե արդյոք այստեղ հայկական կողմը չի կարող միջամտել ու կանխել խնդիրը, Ղազարյանը պատասխանեց․ - «Մենք խոսում ենք, բայց չենք արձանագրում: Գործարարությունը դա գիտի: Հաճախ, երբ դիմում ես քո անդամներին, ասում ես՝ եկեք կոնկրետացնենք, իրենք խուսափում են, որպեսզի իրենց գործընկերը այնտեղ ինչ-որ վարչարարական հետապնդման չենթարկվի․․․ Եթե արձանագրված չէ, պետական ծառայողը չի կարող ասել, որ կա: Եթե արձանագրվում է, պետք է վարույթ լինի, որոշակի վարչական կամ քրեական պատիժ լինի»:

Արսեն Ղազայանը գործարարներին հորդորում է անօրինական գործարքի մեջ չմտնել ռուս մաքսավորների հետ և հարցը լուծել իրավական ճանապարհով՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայացուցիչների միջոցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG