Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն չեն պատրաստվում չեղարկել հուլիսին նախատեսված Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, արխիվ

Պաշտոնական Բաքուն մտադիր չէ հրաժարվել հուլիսին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպումից, Երևանը նույնպես չի բացառում առաջիկայում Նալբանդյան-Մամեդյարով ձևաչափով հանդիպում։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հերթական հանդիպումը չչեղարկելու մասին Երևանից և Բաքվից հայտարարություններ են հնչում շփման գծում տիրող աննախադեպ լարվածության ֆոնին։

Հիշեցնենք, ադրբեջանական լրատվամիջոցները հուլիսի 4-ի ուշ երեկոյան հաղորդեցին, թե հայկական կողմի արկակոծության հետևանքով Ալխանլու գյուղում զոհվել են 50-ամյա կին և երկու տարեկան երեխա։ Եվս մի կին վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։

Բաքուն պնդում է, որ հայկական կողմն է առաջինը կրակել։ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակն էլ հակառակն ապացուցելու համար տեսանյութեր է տարածել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է նաև, թե հայկական կողմը երեք վիրավոր ունի, մինչդեռ Պաշտպանության բանակը հերքում է այդ պնդումները։

Սահմանային այս աննախադեպ լարվածությանը զուգահեռ՝ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարում է, թե Բաքուն չի պլանավորում չեղարկել նախարարների հանդիպումը։ «Ադրբեջանը բանակցություններին չի մասնակցում հանուն իմիտացիայի։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ մենք ցանկանում ենք բովանդակալից բանակցություններ», - Հաջիևի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Ազատության» հետ զրույցում Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ասաց, թե չի բացառում հուլիսին նախարարների հանդիպում, ինչպես հայտարարել էին ավելի վաղ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով այդ հանդիպումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հուլիսի 11-ին՝ Ավստրիայում։

Դա կլինի Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի՝ ապրիլից ի վեր առաջին հանդիպումը, նախորդը Մոսկվայում էր՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ, որն անցել էր եռակողմ ձևաչափով, իսկ այնուհետև արտգործնախարարներին էին միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։

Պաշտոնական Բաքուն սպասվող հանդիպումից առաջ հերթական անգամ քննադատել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդական առաքելությանը՝ Մինսկի խմբի համանախագահներին մեղադրելով անգործության մեջ։

«Նրանք մինչև հիմա բանակցություններում որևէ արդյունքի այդպես էլ չեն հասել», - երեկ Մինսկում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 26-րդ ամենամյա նստաշրջանին ելույթ ունենալով՝ հայտարարել է Վեհաժողովի փոխնախագահ, ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր Ազայ Գուլիևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG