Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Երևանից կոնկրետ քայլեր, այլ ոչ թե խոստումներ է ակնկալում․ Լեհաստանի դեսպան


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ, Բրյուսել, 27-ը փետրվարի, 2017 թ․
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ, Բրյուսել, 27-ը փետրվարի, 2017 թ․

Եվրամիությունը Հայաստանից սպասում է կոնկրետ քայլեր, ոչ թե խոստումներ: Այսօր «Ազատության» հարցին ի պատասխան, այս մասին հայտարարեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Մարեկ Նովակովսկին:

Լեհաստանը համարվում է Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագիրն առաջ մղող առանցքային երկրներից մեկը, այսօր դեսպանին հարց ուղղեցինք՝ հավանական համարու՞մ եք, որ Բրյուսելի ու Երևանի միջև բանակցված նոր շրջանակային համաձայնագիրը չստորարգվի, ինչպես եղավ 2013 թվականին:

«Մենք պատրաստ ենք, մեր դուռը բաց է Հայաստանի առջև: Նախագահներ Տուսկի և Սարգսյանի համատեղ հայտարարության համաձայն, փաստաթղթերը պատրաստ են, մենք սպասում ենք համաձայնագրի ստորագրմանը և, ինչպես ընդգծել է Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկին, բոլորս սպասում ենք հայաստանյան գործընկերների կոնկրետ քայլերին, ոչ թե խոստումներին»,- պատասխանեց Մարեկ Նովակովսկին, կատակով հավելելով․ «Տեսեք, խաչում եմ մատներս և ասում՝ ոչ, նման ռիսկ չկա, բայց մատներս խաչում եմ»:

Այն մասին, որ Եվրամիության հետ բանակցված և այս մարտին Երևանում նախաստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կարող է աշնանը չստորագրվել, անցած շաբաթ հրապարակավ մտահոգություն էին հայտնել խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները:

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն Ազգային ժողովում այդպես էլ հստակ չպատասխանեց հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ արտաքին միջամտությունների պատճառով Եվրամիություն-Հայաստան շրջանակային համաձայնագիրը վերստին չստորագրվի: Միայն ասաց՝ կապրենք, կտեսնենք, ապա հավելեց․ «Այո, նախատեսվում է, որ պետք է աշնանը ստորագրել, արդյունքների մասին կխոսենք մյուս տարի»:

2013 թ․ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ բանակցություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի քաղաքացիների համար անակնկալ կերպով հայտարարեց՝ Երևանը միանում է Կրեմլի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը: Դա նշանակում էր, որ Հայաստանը չի ստորագրելու Եվրամիության հետ մոտ չորս տարի բանակցված Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, որը, փաստորեն, ԵՄ Ասոցացման համաձայնագրի մի մասն էր:

«Ազատության» հարցին՝ եթե համաձայնագիրն այս անգամ էլ չստորագրվի, դա ի՞նչ ազդեցություն կունենա Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների վրա՝ դեսպան Մարեկ Նովակովսկին արձագանքեց․ «Իհարկե, մենք կպահպանենք երկխոսությունը Հայաստանի հետ, սակայն երկխոսության տարբեր տեսակներ կան՝ բարեկամական, սովորական երկխոսություն և վերջինը՝ զենքերի երկխոսությունն է: Հույս ունենք, որ մեր հարաբերությունները կջերմանան որքան հնարավոր է շատ: Ապագան կախված է երկու կողմերից, նաև այն հարցից, թե մեր համաձայնությունները կոնկրետ ինչպես կյանքի կկոչվեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG