Մատչելիության հղումներ

Հայրիկյանը մտադիր է նախաձեռնել սահմանադրական նոր փոփոխությունների գործընթաց


«Ազգային ինքնորոշում» միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանը պատրաստվում է հանդես գալ վերջերս ընդունված սահմանադրությունը փոփոխելու նախաձեռնությամբ:

Ըստ Հայրիկյանի, փոփոխության հիմքը նոր սահմանադրության մեջ առկա այն դրույթն է, ըստ որի 200 հազար ընտրողների ստորագրությամբ կարող է ձեռնարկվել սահմանադրական փոփոխությունների գործընթաց:

«Ազգը գնում է աշխարհի ամենավատ Սահմանադրությունը ընտրելու ճանապարհով: Բայց սա մեր ազգի ընտրությունը չէ: Սա մեր իշխանավորների ընտրություններն էր՝ իրենց մտավոր մակարդակի համապատասխան: Առաջ ինքը ընտրություններին կարող էր մասնակցել միջինը երկուսուկես տարին մեկ՝ համազգային կարևորության ընտրություններին, հիմա մասնակցելու է հինգ տարին մեկ: Եվ ցանկացած մարդ հասկացավ, որ իր մասնակցությունը, իր դերակատարումը ազգային քաղաքական կյանքում այս նոր սահմանադրություն կոչվածով կրճատվեց», - Սահմանադրության օրվա կապակցությամբ իր առանձնատանը հրավիրած ասուլիսում այսօր հայտարարեց Հայրիկյանը:

ԱԻՄ առաջնորդը պնդեց, թե նորանկախ Հայաստանի պատմության մեջ Սահմանադրությունը փոփոխվել է երեք նախագահների անձնական շահերը սպասարկելու համար:

Հայրիկյանն ընդգծեց, որ իր նախաձեռնությունն առաջարկելու է այնպիսի փոփոխություններ, որոնք ավելացնելու են քաղաքացու դերակատարությունը քաղաքական որոշումների կայացման մեջ․ - «Երկիրը չի ունենում նախագահ, երկիրը ունենում է ժողովրդի կողմից ընտրված վարչապետ միայն, որը առաջին դեմքն է: Ե՚վ նախագահը, և՛ վարչապետը նույն պաշտոնում են, այսինքն մեկ անձով են ներկայացված, բայց լինում է նաև փոխվարչապետ: Դա արվում է այն բանի համար, որ քաղաքացին զգա, որ երկրի գործադիր իշխանության ղեկավարին ինքը ընտրեց: Դատական ատյանի վերին աստիճանի բոլոր դատավորները լինում են ընտրովի»:

Խորհրդային շրջանում այլախոհության համար 17 տարի կալանավայրերում անցկացրած Հայրիկյանը նշեց, որ սահմանադրությունը փոփոխելու իր նախաձեռնությունն արդեն հավանության է արժանացել Կոմունիստական և Դեմոկրատական կուսակցությունների կողմից: Այդուհանդերձ, Հայրիկյանի փոխանցմամբ՝ 200 հազար ստորագրությունների հավաքումը դեռ չի մեկնարկել, քանի որ, չնայած առկա սահմանադրական դրույթին, չկա օրենք, որը կկարգավորի քաղաքացիների կողմից գլխավոր օրենքում փոփոխություններ նախաձեռնելու գործընթացը․ - «Սահմանադրությունն ասում է՝ դուք 200 հազար ստորագրություն կարող եք հավաքել, բայց հանրաքվեի օրը որոշելու է խորհրդարանը՝ ձայների երկու երրորդով: Բայց չէ՞ որ կարող է խորհրդարանը երկու երրորդով չքվեարկել: Այսինքն, դուրս է գալիս, որ ևս մի կեղծիք, ևս մեկ ստորություն՝ դարձյալ ուղղված քաղաքացիական նախաձեռնության դեմ»:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ ամիս առաջ «Ազատության» եթերում հայտարարել էր, որ իշխանությանը հակակշռելու համար խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը պետք է գնան խոշորացման և հանդես գան միասին: Պարույր Հայրիկյանը, ով խորհրդարանական ընտրություններից առաջ միացել, ապա դուրս էր եկել «Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքից, այսօր բացառեց Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությանը միանալը․ - «Րաֆֆի Հովհաննիսյանը քնից զարթնեց․․․ ընտրություններից առաջ էդ բոլորն ասվում էր, և ինքը հիմնական խառնակիչն էր: Եվ միայն ես չէ, որ դա ասում եմ: «Ելք»-ից Գորգիսյանը, հիշում եք, չէ՞, որ ասաց երբ մենք բանակցություններ էինք վարում՝ հիմնական խոչընդոտողը դո՛ւ էիր, Րաֆֆի Հովհաննիսյան: Ի՞նչ միավորման մասին ես դու խոսում․․․ Ընդհանրապես ես գիտեմ, որ բարեկիրթ է որևէ մեկի մասին բացասական բան չասելը, բայց, երևույթը գնահատելով, ասեմ, որ ամենալավ շրջանը միավորվելու և միասնական ճակատով հանդես գալու, խորհրդարանական ընտրություններն էին: Որոնց մասին մենք ասացինք՝ եթե կլինի մեծ ճակատ, մենք կմասնակցենք: Եվ բոլորդ եք վկա, որ մինչև հնարավորության վերջին օրը մենք քայլ արել ենք այդ ուղղությամբ: Ես իրեն լուրջ չեմ վերաբերում, իրավունք չունեմ լուրջ վերաբերելու: Որպես անձ կարող է վաղը խնամի էլ դառնանք․․․ Բայց որպես քաղաքական գործիչ, ինչպես Գերմանիայում են ասում՝ նիխտ»:

Հուլիսի 5-ը՝ Հայաստանի Սահմանադրության օրը, նաև Պարույր Հայրիկյանի ծննդյան օրն է: ԱՒՄ առաջնորդն այս համընկնումը, ինչպես նաև նույն ընթացքում ԱՄՆ-ում Անկախության օրը նշելը պատահական չհամարեց՝ ընդգծելով, որ դրանում հատուկ խորհուրդ կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG