Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ում քննարկվել է Սիրիա խաղաղապահներ ուղարկելու հարցը


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մշտական խորհրդում քննարկվել է Սիրիա խաղաղապահներ ուղարկելու հարցը: ՀԱՊԿ-ում կայացած այդ քննարկման մասին հայտնել է Ղրղըզստանի անվտանգության խորհրդի քարտուղար Թիմուր Ջումակադիրովը:

«ՀԱՊԿ մշտական խորհրդում քննարկվել է սիրիական խնդրի կարգավորման գործընթացում Ղրղըզստանի խաղաղապահ ուժերի հնարավոր մասնակցության հարցը»,- նախօրեին ղրղըզ պաշտոնյայի այս խոսքերն է մեջբերել РИА новости-ին: Այլ մանրամասներ չեն հաղորդվել: Ջումակադիրովը նշել է նաև, թե Բիշքեկն առայժմ ՀԱՊԿ-ից պաշտոնական առաջարկ չի ստացել՝ Սիրիա խաղաղապահներ ուղարկելու համար:

Ավելի վաղ՝ հունիսի 22-ին, Ռուսաստանի պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, գեներալ-գնդապետ Վալդիմիր Շամանովը, ըստ РИА новости-ի, հայտարարել էր, որ Սիրիա խաղաղապահներ ուղարկելու նպատակով Մոսկվան բանակցություններ է վարում Ղազախստանի ու Ղրղըզստանի հետ:

Ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի առնչությամբ Երևանը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հայկական զինված ուժերը պատրաստ են երկրի ռազմա-քաղաքական ղեկավարության ցանկացած որոշման: Հայաստանը ՀԱՊԿ անդամ վեց երկրներից մեկն է: Պարզաբանման նպատակով դիմեցինք պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին: Հարցին՝ Հայաստանին և՞ս նման առաջարկ է արվել, ՊՆ խոսնակը պատասխանեց․ «Դրանք ռազմաքաղաքական բնույթի հարցեր են, իրավասու չեմ պատասխանել: Հայկական զինված ուժերը պատրաստ են երկրի ղեկավարության ցանկացած որոշման: Այդ մասին բազմիցս հայտարարվել է: Ինչպես կորոշի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, այդ հրամանն էլ կկատարվի»:

Ուշագրավ է այն, որ Սիրիա ղազախական ու ղրղըզական խաղաղապահների հնարավոր առաքելության մասին նույն օրը հայտարարեց նաև Թուրքիան: Թուրքական Haberturk հեռուստաընկերության փոխանցմամբ, նախագահ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հունիսի 22-ին նշել է, որ ռուսական կողմն առաջարկել է խաղաղապահ առաքելության մեջ ներգրավել Ղազախստանն ու Ղրղըզստանը:

Սակայն, Ռուսաստանի ու Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների այս հայտարարություններից հետո՝ երեկ Ղազախստանը պաշտոնապես հերքեց, որ բանակցություններ է վարում իր խաղաղապահներին Սիրիա ուղարկելու նպատակով: Նման հայտարարությամբ հանդես եկավ Ղազախստանի արտգործնախարար Կայրաթ Աբդրահմանովը:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի խոսքով, ռուս-ամերիկյան ներկայիս սրված հարաբերությունների ֆոնին Կրեմլը ձգտում է օգտագործել ՀԱՊԿ-ը՝ այն ներքաշելով սիրիական հակամարտության մեջ: «Հնարավոր է, որ Ռուսաստանը փորձում է ալյանսով պայքարել, որովհետև մի տեսակ ստացվում է, որ միայնակ է պայքարում, չունի, այսպես ասած, որոշակի չափով միջազգային լեգիտիմություն»,- ասաց քաղաքագետը:

Ըստ նրա, հայկական խաղաղապահների ներկայությունը Սիրիայում ռազմական տեսանկյունից չի կարող էական ազդեցություն ունենալ իրավիճակի վրա: Փոխարենը՝ քաղաքական առումով Հայաստանը կարող է խնդիրների բախվել՝ ներքաշվելով ռուս-ամերիկյան հակասությունների դաշտ: Գրիգորյանը նաև հիշեցրեց ՀԱՊԿ-ի փաստացի չեզոք դիրքորոշումը ԼՂ խնդրի հանդեպ․ «Եթե Հայաստանը քաղաքական կամք ունենա, ապա նման առաջարկի մերժումն այդքան մեծ խնդիր չի լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG