Մատչելիության հղումներ

Անջրպետ իշխանության և հասարակության միջև, որտեղ դատարանը իշխանության կողմն է․ իրավապաշտպան


Արդեն կարելի է նախապես ասել, որ «Սասնա ծռեր» զինված խմբի և Ժիրայր Սեֆիլյանի գործերով արդարադատություն կայացնելու նպատակ իշխանությունները չունեն: «Ազատության» հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Հիշյալ գործերով դատավարությունները բավական լարված պայմաններում են անցնում: Ամբաստանյալների պաշտպանները այստեղ միտում են տեսնում և մտածում են, որ ամեն ինչ արվում է նիստերը դռնփակ անցկացնելու համար:

«Ես էլ եմ կարծում, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հայտարարեն, թե իրենք ստիպված են նիստերը դռնփակ անցկացնել, բայց այստեղ ավելի շատ պետք է խոսվի այն վերաբերմունքի մասին, որին արժանանում են փաստաբանները՝ սա խոչընդոտ է փաստաբանների աշխատանքին», - ասաց Հարությունյանը:

Փաստաբաններին մանրակրկիտ ստուգելու վերաբերյալ էլ իրավապաշտպանը շեշտեց․ - «Դեռ Մարտի 1-ի գործերով արդեն սկսում էին այդ ստուգումները, արդեն մի տեսակ սկսվում էր արդեն, նոր փորվում էր այն անջրպետը՝ իշխանության և հասարակության միջև, որտեղ դատարանը իշխանության կողմն է, բնականաբար: Հիմա այդ անջպրետը գնալով ավելի է խորացել, և այդ իշխանություն-հասարակություն հակասությունները արդեն ոչ թե հակասություններ են, այլ վերածվել են թշնամանքի՝ ակնհայտ թշնամանք է: Փաստաբանները, որոնք իրացնում են իրենց պարտականությունները, դիտարկվում են իշխանությունների կողմից և դատավորի կողմից և դատարանի կողմից որպես այդ անջրպետի մյուս կողմում գտնվող թշնամի բանակի ներկայացուցիչներ»:

Կարգադրիչները նաև գրանցում են Սեֆիլյանի և «Սասնա ծռեր»-ի գործերով դատավարություններին մասնակցող քաղաքացիների անձնական տվյալները նույնպես: Դատական դեպարտամենտի ղեկավարը, հիշեցնենք, պնդում է, որ այդ տվյալները նիստից հետո ոչնչացվում են, սակայն կան նաև ահազանգեր, որ այդ տվյալներից օգտվելով՝ ոստիկանները այցելում են որոշ քաղաքացիների: «Մարդիկ ապահովագրվա՞ծ են, որ իրենց տվյալները այլ նպատակներով և հենց իրենց դեմ չեն օգտագործվի», - «Ազատության» այս հարցին Վարդան Հարությունյանն արձագանքեց․ - «Միանշանակ է, որ այդ գրանցումները հենց այդ քաղաքացիների դեմ օգտագործելու համար են, որովհետև ըստ էության տեղի է ունենում մարդկանց հաշվառում՝ այն ակտիվ երիտասարդների, ովքեր գալիս են դատարան «Սասնա ծռեր»-ին պաշտպանելու նպատակով կամ ոգևորված նրանց գործողությամբ՝ գալիս են դատարան, այդ մարդիկ հաշվառվում են և հետագայում նրանց նկատմամբ համապատասխան քայլեր կկիրառվեն, կարծում եմ»:

Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG