Մատչելիության հղումներ

«Ինձ համար իրավապահ համակարգը իրավապաշտպան բնույթ ունի»․ Սերժ Սարգսյան


Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազությունում, 3-ը հուլիսի, 2017 թ․

Այսօր դատախազությունում ունեցած ելույթում նախագահը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայաստանում կալանքների հիմնավորվածության խնդրին:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր գլխավոր դատախազությունում մասնակցել է դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով:

Իր խոսքում նա անդրադարձել է կառավարման նոր համակարգի և պետական իշխանության մարմինների նոր հարաբերակցության պայմաններում «հանրապետության իրավապահ համակարգի հենասյուներից մեկի՝ դատախազության դերակատարմանը, մինչ այժմ ունեցած ձեռքբերումներին, առաջիկա անելիքներին, ինչպես նաև ներկաների ուշադրությունը հրավիրել դատախազության գործառույթների հետ անմիջականերոն կապված առանձին խնդրահարույց երևույթների վրա»:

«Ձեր գործունեությունն անչափ կարևոր է պետության և հասարակության համար: Այն նույնչափ պատասխանատու է, քանի որ ձեր որոշումները կարող են մարդու ճակատագիրը փոխել՝ բառիս ամենաուղղակի իմաստով»,- ըստ նախագահի կայքէջի, դիմելով դատախազներին, ասել է Սարգսյանն ու շարունակել․ «Ինձ համար իրավապահ համակարգը իրավապաշտպան բնույթ ունի: Բովանդակային առումով ես դրանք հոմանիշներ եմ համարում: Եթե ուզում ենք մոտ ապագայում Հայաստանում թեթևացնել իրավունքները պաշտպանողի հոգսերը, ապա մեր ջանքերը պետք է ուղղենք մեկ նպատակի՝ իրավունքը պահպանողի գործունեության մեջ որակական նոր մակարդակի բարձրացնել անձի, հասարակության և պետության շահերի պաշտպանությունը: Դրա գրավականը ուժեղ և պատասխանատվությունից չխուսափող, իրավունքի գերակայության սկզբունքի ներքո աշխատող կուռ և գործակցող իրավապահ համակարգն է: Այդ համակարգի հենասյուներից մեկն, անշուշտ, դատախազությունն է՝ պատմականորեն ինքնատիպ իր կարգավիճակով»:

Սարգսյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել դատախազության գործառույթների հետ անմիջականորեն կապված «մի քանի խնդրահարույց երևույթների վրա», որոնց մի մասն «իրավական գործընթացների շրջանակներում քննարկման առարկա են դառնում նույնիսկ միջազգային դատական ատյաններում: «Վստահ եմ՝ հասկանում եք, որ նկատի ունեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,- ընդգծել է Սարգսյանը:

«Խոսքս նախևառաջ վերաբերում է կալանքների հիմնավորվածությանը»,-ասել է Սարգսյանն ու շարունակել․ «Կասկածից վեր է, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը պետք է հիմնավորված լինի: Սակայն դրա կարևորագույն նախադրյալներից մեկը համապատասխան որակյալ միջնորդության առկայությունն է: Այստեղ է, որ դատախազությունը յուրօրինակ միջանկյալ օղակ պետք է լինի նախաքննական մարմնի և դատարանի միջև՝ երկու հիմնական խնդիր լուծելու միտումով. արգելափակել ակնհայտ անհիմն, իսկ երբեմն՝ միայն օրենքի պարզունակ վերարտադրություն պարունակող միջնորդությունների ներկայացումը դատարան, և միաժամանակ, բարձրացնել այն միջնորդությունների որակը, որոնց բավարարման համար իրականում կան թե՛ օբյեկտիվ անհրաժեշտություն և թե՛ բավարար հիմքեր:

Հասկանալի է, որ ես նկատի չունեմ բավարարման քանակը. երբ մեր դատավորները խոսում են այն մասին, որ դատարանները բավարարում են միջնորդությունների 90 տոկոսից ավելին, և դա շատ է, ո՛չ, խոսքը դրա մասին չէ: Կարող է լինել 100 տոկոս բավարարում դատարանի կողմից և չլինել հիմնավորված, և կարող է դատարանի կողմից լինել 100 տոկոս բավարարում ու ամբողջովին հիմնավորված, ինչը, կարծում եմ, կլինի ամենաիդեալականը: Մեր պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու տեսանկյունից մտահոգիչ է նաև դատարաններում արդար դատաքննության ոչ բոլոր բաղադրիչների լիարժեք պահպանումը: Մասնավորապես, դա վերաբերում է մեղադրանքի կողմի առանցքային վկաների՝ հակընդդեմ հարցումն ապահովելուն»:

Համակարգի խնդիրներն արձանագրելով հանդերձ, Սարգսյանը նաև ասել է, թե դատախազության գործունեության մեջ զգալի առաջընթաց կա: «Գնալով՝ դատախազները դառնում են է՛լ ավելի պատրաստված և է՛լ ավելի պատասխանատու: Դատախազների նման բարեխիղճ աշխատանքը տալիս է իր դրական արդյունքը»:

«Ես արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ անարդարությունը մեր թիվ մեկ թշնամին է, և մենք պատերազմ ենք հայտարարել անարդարությանը: Այդ պատերազմում մենք պարտավոր ենք հաղթել՝ չեզոքացնելով անտարբերության ամեն մի դրսևորում, վերացնելով կոռուպցիոն ցանկացած երևույթ»,- իր ելույթում նաև նշել է նախագահը, հավելելով․ «Անարդար դատախազը վնասաբեր է թե՛ դատախազության, թե՛ այն կառույցի համար, որը դատախազությանը վերապահված լիազորությունների ուժով նրա ազդեցության գոտում է»:

«Մեր երկիրը մտել է բեկումնային մի նոր ժամանակաշրջան: Միասին կառուցելու ենք պետական կառավարման նոր կարգը: Ապրիլյան ընտրություններից առաջ մենք խնդիր էինք դրել ցույց տալ ինքներս մեզ, ինչու ոչ՝ նաև միջազգային կառույցներին, որ վճռական ենք կազմակերպելու լավագույն չափանիշներին համապատասխանող ընտրություններ: Արդեն կարելի է փաստել, որ դա մեզ հաջողվեց: Անշուշտ, կգտնվեն մարդիկ, որ այլ կարծիք կունենան, բայց որևէ մեկը չի կարող հերքել, որ այդ ընտրությունները վկայեցին Հայաստանում առնվազն ժողովրդավարության և պետականաշինության առաջընթացի փաստի մասին: Դրանք նաև վկայեցին, որ պետությունն ի վիճակի է արձագանքելու նման գործընթացներին ուղեկցող ցանկացած իրավախախտման:

Այստեղ պետք է ընդգծեմ դատախազության կարևոր դերակատարումը: Դատախազության ակտիվ մասնակցությամբ իրավապահ համակարգը ցույց տվեց, որ ունակ է առկա ռեսուրսների ճիշտ կիրառմամբ քննարկել ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերը: Ձեզ հաջողվեց պատասխանատվությամբ համակարգել իրավապահ մարմինների առջև դրված խնդիրների լուծման գործընթացը, հավուր պատշաճի վերլուծել առկա տեղեկատվությունը և ժամանակին արձագանքել յուրաքանչյուր ահազանգի՝ նույնիսկ, եթե այն առերևույթ որևէ իրավախախտման լուրջ նշաններ չէր պարունակում»,- ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով, ձեռքբերումներով չեն բավարարվելու: «Փորձելու ենք լավագույնս լուծել երկրի կայունության և անվտանգության համար անհրաժեշտ նաև մյուս խնդիրները: Ես վստահ եմ, որ 2018 թվականի պետական բյուջեի հաստատումով դուք տեսնելու եք նաև վերաբերմունքի որոշակի փոփոխություն դեպի դրականը»,- իր ելույթում նշել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG