Մատչելիության հղումներ

Վերջապես մեր մայրաքաղաքում մեծ ու փոքր խանութներից, ամենատարբեր սուպերմարկետներից, սրճարաններից, ռեստորաններից կամ գիշերային ակումբներից, դեղատներից ու վարսավիրանոցներից բացի, աստիճանաբար, մեկը մյուսի հետևից կբացվեն նաև գրքի կրպակներ կամ գրատնակներ, որոնցից յուրաքանչյուրն իր ուրույն տեսքը կունենա․ այդպես է նախագծել գրատնակները հանրահայտ դիզայներ, նկարիչ, ոսկերիչ Նուռը՝ Արման Դավթյանը:

«Առհասարակ շատ ինքնաբուխ ա լինում մտահղացման գալը: Հենց տենց էլ էղավ՝ ինքնաբուխ, միանգամից: Նախևառաջ, ես գրքի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեմ․ ի ապացույց՝ իմ Ընթերցողի արձանը: Ընթերցողի արձանի շարունակական թեման ա սա, որովհետև այստեղ փոքրիկ գաղտնիքային մաս կա․․․ Ընթերցողի արձանը, բոլորդ գիտեք, մի տեղ է, որտեղ մարդիկ իրենց գրվածքները գցում են, և հետո դա հրատարակվում ա: Ես հիմա դեռ հավաքում եմ, շատ հետաքրքիր բաներ կան գրված մեր քաղաքացիների կողմից: Հետագայում փոքրիկ բրոշյուր կհրատարակվի ժամանակ առ ժամանակ՝ «Խոսում է Երևանը» կամ «Գրում է Երևանը», և կվաճառվի այս գրքերի խանութներում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նուռը:

Այսօր առաջին՝ Ավետիք Իսահակյանի անունը կրող գրատնակը բացվեց մայրաքաղաքի Տերյան - Իսահակյան փողոցների հատման կետում մոտ: Եվ հենց Ավետիք Իսահակյանի թոռր՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը առաջինն էր, որ գրքեր նվիրեց գրատնակին:

«Շատ լավ է, իհարկե: Իսահակյանը առաջին նախագահն էր Գրողների միության: Այս վայրը ոչ միայն Հայպետհրատն ա և հրատարակչությունը․ Իսահակյանը շաբաթը մեկ անգամ տնից էսպես գալիս էր, բարձրանում էր և հետաքրքրվում էր, թե ինչ վիճակում է գրքերի հրատարակությունը Հայպետհրատում: Սա գրական շատ սիրելի վայր էր: Այստեղ աշխատել է Չարենցը: Իսահակյանը այստեղով շատ անցել ա, կանգնել ա, զրուցել ա, Աբովյանով ներքև ա գնացել: Շատ ճիշտ ա վայը ընտրված, որովհետև դա ոչ միայն գրախանութ է, այլև կապված է մեր քաղաքի պատմության հետ: Ինչքան քաղաքը գրքերով հարուստ լինի, գրախանութներով հարուստ լինի, ավելի շատ կլինեն կարդացած, զարգացած երիտասարդ մարդիկ: Մարդուն առանց գրքի դժվար է պատկերացնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ավիկ Իսահակյանը:

Առայժմ միայն մայրաքաղաքում տեղադրվող մեկ տասնյակ գրատնակները Երևանի քաղաքապետարանի և Մշակույթի նախարարության միացյալ նախաձեռնության արդյունք են:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյան․ - «Ընդհանուր ծրագիրը ենթադրում է տասը գրատնակ: Մեր հայտնի գրողների անունով այս գեղեցիկ գրքերն են, որի հեղինակը, այս գեղեցիկ մտահղացման հեղինակը Նուռն է՝ մեր սիրելի Արմանը: Ընդհանուր առումով վաթսուն միլիոն դրամի ներդրում է մասնավորի կողմից: Մենք ընդամենը գաղափարի հեղինակն ենք և իրականացմանն ենք հետևել: Գրատնակներում վաճառվել ենք տարբեր, բոլոր հրատարակչությունների գրքերը, որովհետև, մեր պատկերացմամբ, ընդհանրապես գրավաճառ ցանցի ընդլայնում է անհրաժեշտ, որպեսզի գրականությունը նորովի մեր կյանք մուտք գործի: Այս առումով հրաշալի ծրագիր է․․․ Եվ այն, որ մենք փորձում ենք գեներացնել մասնավոր վաճառակետերի հետ նոր գրախանութներ ստեղծելու գաղափարը: Մասնավորապես, շուտով կսկսվի շինարարությունը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի առաջնամասում երկհարկանի խոշոր գրանախանութի: «Զանգակ» հրատարակչությունն է պատրաստում, որտեղ կլինեն և՛ հանգստի գոտիներ, և՛ երեխաների ժամանցի կետեր, և՛ շնորհանդեսների հրանավորություն կլինի: Նմանատիպ ծրագիր մենք պետք է իրականացնենք նաև Սունդուկյան թատրոնի ճեմասրահներում»:

Առաջիկայում մարզերում դեռ գրատնակներ չեն տեղադրվի, բայց կգործեն գրաբուսները՝ գրքերով բեռնված հատուկ ավտոբուսները, որոնք հնարավորությունեն տալու մարզերի բնակիչներին ծանոթանալ նոր հրատարակվող գրքերին և ցանկության դեպքում բավարարել ընթերցասիրության պահանջները՝ գրավաճառ ցանցի այդ շարժական միջոցների շնորհիվ, գրքեր գնել:

«Առաջին գրաբուսը արդեն կա Երևանում, գործում է», - նշեց նախարար Ամիրյանը: - «Մարզերի համար տասը գրաբուսի ծրագիր ունենք: Խոսել ենք Միացյալ Նահանգներում գործարար Վահե Կարապետյանի հետ: Պարոն Կարապետյանը առաջին գրաբուսը նվեր կանեի Հայաստանին: Մնացյալ իննի համար կգտնենք հովանավորներ»:

Վերադառնալով գրատնակներին՝ նախարարն ասաց․ - «Վաճառելու են բացառապես գիրք և մեր թատերահամերգային կենտրոնների էլեկտրոնային տոմսերը: Այդ գրատնակների գաղափարը նաև նա է, որ հնարավորինս մոտ բերել գրախանութը անցորդին, մարդուն, քաղաքացուն: Ես կարծում եմ, հաջողվել է նախագիծը․․․ Մենք ունենալու ենք Հովհաննես Թումանյանի գնատնակը, Խաչատուր Աբովյանի գրատնակը, Վահան Տերյանի գրատնակը, նաև Չարենց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG