ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը մտադիր է առաջնահերթորեն քննարկել Սիրիայի և Ուկրաինայի հակամարտություններին վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաընկերությունը` հղում անելով Թրամփի վարչակազմի անանուն աղբյուրին։
Ըստ հեռուստաընկերության, Թրամփը մտադիր է, մասնավորապես, քննարկել Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադին Մոսկվայի կողմից ցուցաբերվող աջակցության հարցը: Ուկրաինայի թեման կքննարկվի այդ երկրի արևելքում ծավալվող հակամարտության մեջ Մոսկվայի ներգրավվածության համատեքստում: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտության հարցին, ըստ CNN-ի, Թրամփը մտադիր չէ արծարծել այն Պուտինի հետ հանդիպմանը:
Ամերիկյան լրատվամիջոցը նաև հայտնում է, որ Սպիտակ տանը դեռ չեն որոշել Թրամփ-Պուտին առաջին հանդիպման ձևաչափը։ Թրամփը, CNN-ի հաղորդմամբ, ցանկանում է դիվանագիտական լիարժեք ընթացակարգով անցկացնել հանդիպումը, մինչդեռ նրա աշխատակազմն ավելի հարմար է համարում կարճատև հանդիպումը։
Այն բանից հետո, երբ Սպիտակ Տունը պաշտոնապես հայատարեց, որ Համբուրգում հուլիսի 7-ից 9-ը կայանալիք մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանականերում Թրամփը հանդիպում է ունենալու Պուտինի հետ, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, վերահաստատելով այդ տեղեկությունը, նշեց, որ հանդիպման նախապատրաստման աշխատանքներն արդեն մեկնարկել են, և այժմ որոշվում է ձևաչափը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հույս էր հայտնել, որ երկու երկրների նախագահների հանդիպումը «որոշ հստակություն կմտցնի» ռուս-ամերիկյան հարաբերություններում։