Մատչելիության հղումներ

Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է Սերգեյ Շոյգուին


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ

Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հուլիսի 2-ին ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։ Այս մասին հայտնել է Էրդողանի մամլո գրասենյակը՝ չներկայացնելով հանդիպման մանրամասները։ Հանդիպմանը քննարկված հարցերի մասին չի հայտնել նաև ռուսական կողմը։

Հիշեցնենք՝ Մոսկվան ու Անկարան վերջին ամիսներին ակտիվ քննարկում են հակաօդային պաշտպանության C-400 համակարգերի վաճառքի հարցը։

Ռուսաստանի նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հունիսի 29-ին հայտարարել էր, որ Թուրքիայի հետ գործարքն արդեն համաձայնեցված է, բայց դեռ համաձայնեցված չէ վարկի հարցը։

«Ռոստեխ» պետական ընկերության միջազգային համագործակցության հարցերով տնօրեն Վիկտոր Կլադովը նույնպես հայտարարել էր, թե C-400 համակարգերի վաճառքի տեխնիկական դետալները համաձայնեցված են, սակայն համաձայնագիրը դեռ չի կնքվել, քանի որ կողմերը քննարկում են ֆինանսական և քաղաքական հարցերը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ռուսական կողմը պատրաստակամություն էր հայտնել միջպետական վարկ տրամադրել Թուրքիային՝ հատուկ սպառազինություն գնելու նպատակով։ Չի բացառվում, որ Էրդողանն ու Շոյգուն հանդիպմանը քննարկել են նաև C-400 համակարգի շուրջ գործարքի դեռ չհամաձայնեցված հարցեր, թեև ենթադրվում է, որ օրակարգի հիմնական թեման Սիրիայի հարցն էր։

Հավելենք, որ հունիսի 30-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Հեռախոսազրույցի մանրամասները Կրեմլը չի հաղորդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG