Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ի անդամներին ծեծի ենթարկելու ահազանգերով ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են կատարում ՔԿՀ-ներ


«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը, 28-ը հունիսի, 2017թ.

Մարդ իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդում է, որ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են հաղորդումներ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ:

Պաշտպանի աշխատակազմը նշում է, որ այս մասին հրապարակային հայտարարություններ են եղել նաև նրանց փաստաբանների կողմից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման շրջանակներում գիշերվանից մինչ այժմ այցեր են իրականացնում քրեակատարողական հիմնարկներ, որտեղ գտնվում են նշված անձինք, ասված է հաղորդագրությունում:

Երեկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ժամանակ քաշքշուկ էր տեղի ունեցել, երբ Արեգ Կյուրեղյանը փորձել էր գրություն հանձնել իր պաշտպան Արա Ղարագյոզյանին, որից հետո ոստիկանները դատարանի դահլիճից ուժով հեռացրել էին «Սասնա ծռեր»-ի անդամներ Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին և Մխիթար Ավետիսյանին։

Երեկ ավելի ուշ Արեգ Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը «Ազատության»-ը փոխանցել էր, որ կապտուկներ է տեսել իր պաշտպանյալի դեմքին: Այդ վնասվածքները, ըստ փաստաբանի, արձանագրել է նաև քրեակատարողական հիմնարկի բժիշկը:

«Միայնակ գայլ» մականունով հայտնի «Սասնա ծռերից» Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը ևս փոխանցել էր, որ դատարանի նկուղում իր պաշտպանյալը ծեծի է ենթարկվել: Ըստ փաստաբանի, Խանդոյանը կապտուկներ ուներ գլխին, ոտքերին և երիկամների շրջանում: Ղարագյոզյանի հետ զրույցում Խանդոյանը պնդել է, որ ոստիկանները դատարանի նկուղում իրենից բացի ծեծի են ենթարկել Արեգ Կյուրեղյանին, Գագիկ Եղիազարյանին և Մխիթար Ավետիսյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG