Մատչելիության հղումներ

Թուրքական հետախուզությունը լրտեսում է գերմանացի խորհրդարանականներին․ Die Welt


Գերմանիայի Բունդեսթագի նիստ, արխիվ
Գերմանիայի Բունդեսթագի նիստ, արխիվ

Գերմանիայի ոստիկանությունը երկրի խորհրդարանականներին զգուշացնում է թուրքական հետախուզության կողմից հնարավոր լրտեսման մասին։

Թուրքիայի հատուկ ծառայություններն ակտիվորեն տեղեկատվություն են հավաքում մասնավորապես Բունդեսթագի այն պատգամավորների մասին, ովքեր աշխատում են Գերմանիայի անվտանգության, ներքին և արտաքին քաղաքական ոլորտներում։ Այս մասին հայտնում են միջազգային գործակալությունները՝ վկայակոչելով Die Welt գերմանական պարբերականի հրապարակումը։

Հաղորդվում է, որ քրեական գործերով դաշնային գերատեսչությունը Բունդեսթագի մի խումբ պատգամավորների հետ խորհրդակցություններ և քննարկումներ է անցկացրել թուրք ազգայնականների և թուրքական հատուկ ծառայությունների կողմից հնարավոր լրտեսման վտանգների շուրջ։

Սա թուրքական հետախուզության կողմից Գերմանիայում լրտեսության առաջին դեպքը չէ։ Ավելի վաղ պաշտոնական Բեռլինը հայտարարել էր, որ թուրքական հատուկ ծառայությունները լրտեսում են արտերկրում՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի ընդդիմախոսներին բացահայտելու և ճնշելու համար:

Գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը անցած փետրվարին մասնակցել է անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովին, որի ընթացքում հանդիպում է ունեցել գերմանացի պաշտոնակցի հետ և նրան փոխանցել անցյալ տարի Թուրքիայում հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի՝ Գերմանիայում բնակվող ենթադրյալ համակիրների ցուցակ։ Գերմանական կողմը ենթադրում է, որ տվյալները հավաքագրվել են ապօրինի ճանապարհով, այդ թվում՝ թաքնված տեսախցիկների միջոցով:

Գերմանիայի իրավապահները այս գործով հետաքննություն են սկսել: Պաշտոնական Բեռլինը բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ աչք փակել իր երկրում օտարերկրյա լրտեսության վրա:

Գերմանացի օրենսդիրներին լրտեսելու մասին հայտարարությունները Բեռլինի և Անկարայի միջև թերևս նոր լարվածության պատճառ դառնան։ ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցների միջև հարաբերություններում ակնհայտ լարվածություն սկսվեց անցած տարի, երբ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Կրքերն է՛լ ավելի սրվեցին ամիսներ առաջ, երբ պաշտոնական Բեռլինը թույլ չտվեց թուրք նախարարներին Գերմանիայում քարոզչական հանդիպումներ անցկացնել Էրդողանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների օգտին, իսկ հետո արդեն քաղաքական ապաստան տվեց Էրդողանի հարյուրավոր ընդդիմախոսների:

Այս ամսվա սկզբին Բեռլինը հայտարարեց, որ դուրս է բերում իր զորախումբը Թուրքիայի Ինջիրլիք ռազմակայանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG