Մատչելիության հղումներ

Նախագահը ստորագրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին և այլ օրենքներ


ՀՀ նախագահի նստավայրը Երևանում
ՀՀ նախագահի նստավայրը Երևանում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Ազդարարման համակարգի մասին» օրենքները, Քրեական դատավարության, Քրեական, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Ոստիկանության մասին», «Դատախազության մասին», «Բանկային գաղտնիքի մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում փոփոխությունները և լրացումները: Այդ մասին հայտնում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հիշեցնենք, 5 անդամից բաղկացած պետական մարմին է լինելու, որը հետևելու է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների պահպանմանը, քննելու է շահերի բախմանը, էթիկայի կանոնների խախտումներին առնչվող դիմումներ, ստուգելու և վերլուծելու է պաշտոնյաների հայտարարագրերը:

Նախատեսվում է նաև ներդնել ազդարարների համակարգ և անանուն հաղորդումների միասնական էլեկտրոնային հարթակ: Ընդունված օրենքով՝ ազդարար է կոչվելու այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի, շահերի բախման և հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG