Մատչելիության հղումներ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրինագծերի փաթեթն ընդունվեց


Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։ Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 92 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 5 անդամից բաղկացած պետական մարմին կլինի, որը կհետևի բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների պահպանմանը, կքնննի շահերի բախմանը, էթիկայի կանոնների խախտումներին առնչվող դիմումներ, կստուգի և կվերլուծի պաշտոնյաների հայտարարագրերը:

Օրինագծով նախատեսվում է ներդնել ազդարարների համակարգ և անանուն հաղորդումների միասնական էլեկտրոնային հարթակ: Օրենքի շրջանակներում ազդարար է կոչվելու այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի, շահերի բախման և հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ:

Ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը բացատրեց, թե ինչու իրենց դաշինքը կողմ քվեարկեց նախագծին:

«Այս մեխանիզմը, ըստ էության, ընդդիմության ձեռքում եղած մեխանիզմ է լինելու: Ընդդիմությունն է սա օգտագործելու: Այս մեխանիզմը քաղաքացիական հասարակության ձեռքում եղած մեխանիզմ է լինելու», - նշեց պատգամավորը: - «Եվ հենց առաջինը մենք ենք օգտագործելու, և մեր օգտագործելու և հրապարակային դաշտ բերելու, հաշվետվողական դարձնելու արդյունքում է, որ այն կարող է կայանալ և ապագայում նաև կարող ենք ունենալ հակակոռուպցիոն համալիր մարմին», - հավելեց Մարուքյանը:

Չնայած ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքն ու «Ելք»-ը դեմ էին համայնքների խոշորացման և պետական գույքի մասնավորեցման՝ 2017-2020թթ․ Կառավարության ծրագրերին, բայց այդ առաջարկներն էլ իշխող կոալիցիայի ջանքերով ընդունվեցին:

Առաջիկայում Հայաստանի տարբեր մարզերի 328 գյուղեր կմիավորվեն 34 համայնքներում: «Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանը համայնքների խոշորացման հարցը կապեց սպասվող ՏԻՄ ընտրությունների հետ: - «Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ դուք արդեն ունեք մոտավոր թեկնածուները, և այդ թեկնածուների վրայով ձևում եք տվյալ փունջը», - հայտարարեց պատգամավորը:

«Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց՝ Կառավարությունը չներկայացրեց համայնքների խոշորացման արդյունավետության մասին հստակ տվյալներ: Նույն դաշինքից Էդմոն Մարուքյանը շարունակեց թեման․ - «Կոնկրետ Լոռու մարզի կոնտեքստում որևէ դրական տեղաշարժ չկա: Ընդհակառակը, քարոզարշավի ժամանակ այն համայնքները, որտեղ մենք եղել ենք, որոնք որ արդեն խոշորացված են, բոլորը դժգոհել են: Հիմա էլ փաստորեն Կառավարությունը որևէ ռեալ հաջողության պատմություն չի ներկայացրել մեզ, որով կապացուցեր, որ լավ գաղափարը կարողացել են լավ իրացնել»:

Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն արձագանքեց Էդմոն Մարուքյանի քննադատությանը․- «Հաջող պատմություններ եթե ուզենալ՝ կարելի է շատ տեսնել, դրանք մեր կայքում դրված են: Ես ամեն ինչ կանեմ, որ դրանք ավելի հրապարակային լինեն և ավելի հասանելի բոլորին»:

Առաջիկա երեք տարիների համար նախատեսված մասնավորեցման ծրագրում պետական բաժնեմաս ունեցող շուրջ հինգ տասնյակ ընկերություններ կան՝ «Հայփոստը», «Հայֆիլմը», «Հրազդան» մարզադաշտը, Կառավարության ընդունելությունների տունը: Ցանկում ներառված են նաև շուրջ մեկ տասնյակ առողջապահական հաստատություններ:

«Ելք»-ից Գևորգ Գորգիսյանը շահերի բախում է տեսնում՝ Կառավարությունն ուզում է օտարել նաև «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը: Ազգային ժողովի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության անդամ Արա Բաբլոյանը ինստիտուտի գիտական ղեկավարն է, նրա որդին՝ տնօրենը:

«Ճիշտ կլիներ, որպեսզի Դուք հայտարարեիք շահերի բախման մասին՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար, որովհետև մենք արդեն իսկ ընդունեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ստեղծելու մասին օրենքը», - նշեց Գորգիսյանը:

«Շահերի բախումները չեն հիմնվում էմոցիաների վրա, դրանք հիմնվում են իրավական հիմքերի վրա: Ես հետաքրքրվեցի իրավաբաններից, և ասացին, որ այս պահին իմ կարգավիճակը և իմ՝ ոչ մասնակցությունը ուղղակի կառավարման մեջ չեն առաջացնում շահերի բախում», - պարզաբանեց Արա Բաբլոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG