Մատչելիության հղումներ

«Սևանից լրացուցիչ ջրառը մի քանիսի համար շահույթ ապահովելու նպատակ ունի»․ Բնապահպան


Սևանա լիճը, արխիվ

Ըստ գործադիրի, լրացուցիչ ջուրն ուղղվելու է Արարատյան դաշտի մի քանի համայնքների հողատարածքների ոռոոգմանը, ինչպես նաև Սևան-Հրազդան ՀԷԿ-երի համակարգում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալների ընդլայնմանը:

Բնապահպանական կազմակերպություններին և Սևանա լճի ափամերձ համայնքների բնակիչներին զայրացրել է կառավարության որոշումը, որով գործադիրը նախատեսում է լճից տարեկան 100 միլիոն խմ չափով լրացուցիչ ջուր բաց թողնել։

Այդ որոշման ընդդիմախոսների ստեղծած «Սոս Սևան» նախաձեռնությունը ԱԺ-ից պահանջում է չընդունել կառավարության կողմից ներկայացված համապատասխան նախագիծը, որն արդեն մի քանի օրից քննարկման է դրվելու խորհրդարանի արտահերթ նիստում։ Նախաձեռնության համակարգողներից «Մարտունու կանանց համայնքային խորհրդի» նախագահ Անահիտ Գևորգյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ իրենց դիմումն արդեն ուղարկել են խորհրդարանի նախագահին, ԱԺ բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավարին, խորհրդարանական խմբակցություններին, վարչապետ Կարեն Կարապետյանին։

«Մենք ոչ թե ուզում ենք զոռով պնդել, այլ ուղղակի խնդրում ենք, որ հասկանան: Լուսահոգի Վազգեն Սարգյանը մի լավ խոսք ուներ, ասում էր՝ Սևանը որբ երեխա չի, որ ով ուզենա գլուխը խուզի։ Չի կարելի Սևանը դարձնել ձկնաբուծարան: Սևանը համազգային սեփականություն է, պետք է ողջ հայ ժողովուրդը ոտքի կանգնի։ Եզակի խմելու ջուր է, ափսոս է, աշխարհը խմելու ջրի խնդրի առաջ է կանգնած, ինչու՞ ենք մեկ-երկուսի շահի համար էսպես վարվում, ի՞նչ ենք մենք փոխանցելու մեր սերունդներին»,- ասում է Անահիտ Գևորգյանը:

Կառավարության մշակած նախագծի համաձայն, նախատեսվում է Սևանից ջրառի ծավալները տարեկան 170 միլին խմ-ից հասցնել 270 խմ-ի։ Լրացուցիչ ջուրն, ըստ գործադիրի, ուղղվելու է Արարատյան դաշտի մի քանի համայնքների հողատարածքների ոռոոգմանը, ինչպես նաև Սևան-Հրազդան ՀԷԿ-երի համակարգում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալների մեծացմանը: Անահիտ Գևորգյանի կարծիքով՝ կառավարությունն այս քայլով իրականում փորձում է մի քանի անձանց համար շահույթ ապահովել: «Նպատակն այն է, որ Սևանը չբարձրանա հանկարծ: Որ այն անօրինական շինությունները, հյուրանոցները, որոնք կառուցված են ափերին ու եկամուտներ են բերում, չմնան ջրի տակ»,- ասում է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահը:

ԱԺ ուղարկված նախագծում կառավարության մասնագետները եզրակացրել են, որ լրացուցիչ ջրառը Սևանա լճի վրա բացասական ազդեցություն չի ունենա։ Ափամերձ համայնքի բնակիչները, սակայն, վստահ են՝ ջրազրկված տարածքները կամայանան, կսկսվի նեխման պրոցես, կվտանգվի ձկների գոյությունը։

Անահիտ Գևորգյանն ասում է, որ իրենց համար անակնկալ էր կառավարության այս նախաձեռնությունը։ Բնապահպանի խոսքով, ընդամենը ամիսներ առաջ՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, քաղաքական ուժերը, այդ թվում հենց իշխող Հանապետականի ներկայացուցիչները, ընդունում էին իրենց մտահոգությունը։ «Սոս Սևան» նախաձեռնության անդամները մտադիր են խորհրդարանի՝ հուլիսի 4-ին կայանալիք արտահերթ նիստում այս նախագծի քննարկմանը զուգահեռ բողոքի ակցիաներ անցկացնել ինչպես մարզում, այնպես էլ մայրաքաղաքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG