Մատչելիության հղումներ

Անտառային և հարակից տարածքներում մեծացել է հրդեհների վտանգը. գյուղնախ


Ցորենի դաշտ, արխիվային լուսանկար
Ցորենի դաշտ, արխիվային լուսանկար

Գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է, որ հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:

Նախարարությունը նշում է, որ ցանքատարածքներն ու արոտավայրերը բուսական մնացորդներից մաքրելու նպատակով ազգաբնակչության կողմից կատարվող հրկիզումները շատ հաճախ տարածվում են անտառային տարածքներ` մեծ վնաս պատճառելով բնությանը և շրջակա միջավայրին:

Հաշվի առնելով, որ հանրապետության մի շարք մարզերում, (մասնավորապես Արմավիր, Արարատ, Տավուշ) սկսվել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը` գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առանձնակի զգոնություն ցուցաբերել այդ աշխատանքներն իրականացնելիս` հիշեցնելով, որ օրենքով արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում:

Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ արգելվում է անտառային տարածքներում կրակ վառել, վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել, յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել, ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լցավորել, ինչպես նաև ծխել լցավորվող մեքենաների մոտ: Խարույկ կամ կրակ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրությամբ քրեական և առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական պատասխանատվություն է սահմանված ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ անտառային տարածքներին վնաս պատճառելու համար», - հայտնում է նախարարությունը՝ նշելով, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հրդեհավտանգ անտառտարածքներում սահմանել է շուրջօրյա հսկողություն:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, հիշեցնենք, երեկ հաղորդեց, որ հունիսի 27-ից 29-ը Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG