Մատչելիության հղումներ

«Ագրամո՛ւնտ, հրաժարական տուր». ԵԽԽՎ նիստի առանցքային թեման Պեդրո Ագրամունտի հարցն էր


Պեդրո Ագրամունտ, արխիվ
Պեդրո Ագրամունտ, արխիվ

Այսօր՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի մեկնարկին, Հայաստանի ազգային ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ: Մյուս փոխնախագահ ընտրվեց Մոլդովան ներկայացնող Վալերիու Գիլեչին:

ԵԽԽՎ փոխնախագահներն ամեն տարի ընտրվում են հերթական նստաշրջանի սկզբում և պաշտոնավարում են մինչև հաջորդ նստաշրջանի բացումը: Եթե փոխնախագահների ընտրության, նրանց պաշտոնավարման ժամկետների հարցում ամեն ինչ պարզ է, ապա ԵԽԽՎ նախագահի պարագայում հստակություն չկա:

Պեդրո Ագրամունտի հարցն այսօր ԵԽԽՎ նիստում քննարկվող առանցքային թեմաներից էր: Վեհաժողովում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել այն բանից հետո, երբ գարնանային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ բյուրոն անվստահություն հայտնեց նախագահ Պեդրո Ագրամունտին՝ զրկելով նրան ԵԽԽՎ-ի անունից բանակցություններ վարելու, պաշտոնական այցելություններ կատարելու կամ հայտարարություններով հանդես գալու իրավունքից:

Վեհաժողովի պատգամավորների զայրույթի պատճառը մարտին Ագրամունտի այցն էր Սիրիա և նրա հանդիպումն այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հետ։

Արդեն ապրիլին Ագրամունտին անվստահություն հայտնեցին, սակայն նա հրաժարական չներկայացրեց: Այսօր էլ ԵԽԽՎ շատ պատգամավորներ կոչ արեցին՝ «Ագրամո՛ւնտ, հրաժարական տուր»:

Ինչպես այսօր նիստում նկատեցին ԵԽԽՎ պատվիրակները՝ իրավիճակն աննախադեպ է, կառույցի ստեղծումից ի վեր կանոնադրության մեջ անգամ չի նախատեսվել իրավիճակ, երբ ողջ Վեհաժողովը նախագահին կարող է անվստահություն հայտնել, իսկ վերջինս հրաժարական չներկայացնի:

Վեհաժողովի փոխնախագահ ընտրված ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ասում է, որ եվրոպական այդ կառույցի համար իրավիճակը ճգնաժամային է։

«Ճգնաժամ, որովհետև նման նախադեպ չի եղել երբևէ Վեհաժողովում, և որևէ մեկը չէր էլ կարող պատկերացնել, որ կարող է մի մարդու ամբողջ Վեհաժողովը սկզբունքորեն ամոթանք տա, դա մեղմ բառն եմ ես գործածում, սեփական խումբը հայտնի անվստահություն, բայց նա ամեն կերպ կառչի պաշտոնից և մնա, դրա համար, այո', ստեղծվում է իրավական ընթացակարգ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։

Ագրամունտի՝ հրաժարական չներկայացնելու պատճառով ԵԽԽՎ կանոնակարգում փոփոխություններ կկատարվեն, որպեսզի Վեհաժողովը հնարավորություն ունենա նաև հեռացնել նախագահին: Առաջարկվող փոփոխությունները կքննարկվեն վաղը: Այսօր լուծվում էր այդ հարցը օրակարգում պահելու խնդիրը։

«Այսօր լիագումար նիստը հաստատեց վաղվա շատ կարևոր՝ Մարի Պասկեի զեկույցը, որը հենց առանցքային դրույթն է առաջարկում՝ կանոնադրության մեջ կատարել փոփոխություն, որից հետո կգործի այդ մեխանիզմը։ Իսկ հիմա քանի որ այդ անձնավորությունը հրաժարական չտվեց, երկրորդ տարբերակը կաշխատի՝ նրան անվստահություն հայտնելու իրավական մեխանիզմը։ Մեկ բան հստակ է՝ Ագրամունտն այլևս ԵԽԽՎ նախագահ չէ, նրա բոլոր իրավունքների վրա, որպես ԵԽԽՎ նախագահ, վետո է դրված, նա որևէ լիազորություն չունի, հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ դեպքում, այդ մարդը հրաժարական չի տալիս», - ասաց ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակության անդամ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյան՝ շարունակելով. - «Գոնե ինձ համար մեկ բան պարզ է՝ ինքն ուզում է մինչև վերջ վարկաբեկել ԵԽԽՎ-ն»։

Այսօր Վեհաժողովը նաև կողմ քվեարկեց, որ ստեղծվի անկախ մի մարմին, որը պետք է քննի ԵԽԽՎ-ի հետ կապված կոռուպցիոն սկանդալներն ու մեղադրանքները:

Զոհրաբյանն իր ելույթում հիշեցրեց՝ այն պահից, երբ Ագրամունտը դարձավ ԵԽԽՎ նախագահ, իրենք բարձրաձայնել են, որ նա սպասարկում է ադրբեջանական լոբբիի ու տարբեր տոտալիտար երկրների շահերը, կասկած են հայտնել, որ այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան, սակայն Վեհաժողովը անտեսել է իրենց ահազանգերը: Այժմ, հավելեց Զոհրաբյանը, եկել է ճշմարտության հետ առերեսվելու պահը:

«Այսօր մեր Վեհաժողովի համար ճշմարտության պահ է։ Գոնե ինձ համար սպասելի էր, որ Պեդրո Ագրամունտն իրեն չի պահելու ո՛չ որպես քաղաքական գործիչ, և ո՛չ էլ որպես տղամարդ և հրաժարական չի ներկայացնելու։ Ուստի, մենք պետք է հավատարիմ մնանք ապրիլյան նստաշրջանում բյուրոյի կայացրած որոշմանը և թույլ չտանք, որ մի ինչ-որ Ագրամունտ, ով հրաժարվում է ընդունել բյուրոյի որոշումը և չի ցանկանում տղամարդավարի հեռանալ, մեր Վեհաժողովը վերածի կլոունադայի։ Մենք պետք է հենց հիմա սկսենք Պեդրո Ագրամունտի իմպիչմենտի իրավական գործընթացը և մաքրենք Վեհաժողովը կոռուպցիայի և շահերի բախման ամոթալի խարանից», - հայտարարեց Զոհրաբյանը։

Արփինե Հովհաննիսյանն էլ դիմեց Վեհաժողովին՝ կոչ անելով հավաքական պատասխանատվություն ստանձնել կառույցի նկատմամբ և քայլեր ձեռնարկել։

«Մենք ենք այն մարդիկ, ովքեր ձևավորում ենք Վեհաժողովի դեմքը: Հետևաբար մենք պետք է որոշենք, թե ով պետք է ներկայացնի այն, ով կարող է Վեհաժողովի անունից քայլեր ձեռնարկել: Եվ դա նշանակում է, որ մենք պետք է ցույց տանք մեր դիրքորոշումն այդ մարդու նկատմամբ», - ասաց Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG