Եվրամիության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) ազգային պլատֆորմը Հայաստանի իշխանություններից կառուցողական մոտեցումներ է ակնկալում քաղաքական գործընթացների, բարեփոխումների առաջխաղացման և ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտներում տիրող իրավիճակի քննադատության նկատմամբ։
«Ցավոք, վերջին ամիսներին մենք բազմիցս ականատես ենք եղել այդպիսի քննադատության հանդեպ մերժողական վերաբերմունքի։ Մասնավորապես, անընդունելի են 2017թ. խորհրդարանական ու Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հայաստանյան քաղաքացիական հասարակության ու միջազգային կառույցների ներկայացուցիչների գնահատականներին ՀՀ պաշտոնատար անձանց կտրուկ բացասական արձագանքը և այդ համատեքստում պետությանը «սևացնելու» կամ նրա «ներքին գործերին խառնվելու»` մտացածին մեղադրանքները։ Այդպիսի դրսևորումները հատկապես մտահոգիչ են Եվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրման պարագայում», - ասված է պլատֆորմի այսօրվա հայտարարությունում:
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամները համոզված են՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը ենթադրում է, որ երկու կողմերն էլ պետք է սկզբունքորեն վերագնահատեն բոլոր ուղղություններով համագործակցության արդյունքները։ «Ինչպես ՀՀ իշխանությունների, այնպես էլ երկրի քաղաքացիական հասարակության և փորձագիտական հանրության խիստ ինքնագնահատման և Եվրամիության ներկայացուցիչների անկեղծ գնահատականների ու քննադատական հայացքի համադրումը միայն կարող է թափ և արդյունավետություն հաղորդել բարեփոխումների ընթացքին` հնարավորություն տալով լիարժեքորեն օգտվել մեր գործընկերների կողմից տրամադրվող ֆինանսական և բարոյական աջակցությունից», - հայտարարում է պլատֆորմը՝ Հայաստանի ղեկավարությանը կոչ անելով «հրաժարվել այս կամ այն մտահոգության պատճառ հանդիսացող հարցերի շուրջ բաց երկխոսությունը սահմանափակելու փորձերից և նպաստել ՀՀ - ԵՄ համագործակցության օրակարգը կազմող բոլոր նախաձեռնությունների ու ծրագրերի անկախ և անաչառ վերլուծությանը, ինչպես նաև մշտադիտարկման մեխանիզմների մշակմանը»: