Մատչելիության հղումներ

Բաբլոյանը Սեուլում հանդիպել է Վոլոդինի հետ


Լուսանկարը՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության
Լուսանկարը՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Կորեա այցի շրջանակում այսօր Սեուլում հանդիպել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Բաբլոյանը կարևորել է դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական հարաբերությունները, որոնք երկու երկրների՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցության համատեքստում նոր փուլ են թևակոխել: «ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է Ռուսաստանի կառուցողական դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր: Արա Բաբլոյանը փաստել է, որ Հայաստանը կարևորում է փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված միջոցառումները. խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Բաբլոյանն անդրադարձել է միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությանը, նաև առաջարկել է Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում:

Վոլոդինը շնորհավորել է Բաբլոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ և մաղթել արգասաբեր գործունեություն: Նա անդրադարձել է Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանների միջև առկա համագործակցության բարձր մակարդակին՝ կարևորելով խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում:

Պետդումայի խոսնակը նշել է, որ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության ծավալների ավելացման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համագործակցել նոր ձևաչափով: Նա կարևորել է Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության սերտացումը բոլոր բնագավառներում:

Հիշեցնենք՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը Սեուլում հունիսի 24-28-ը մասնակցում է Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների երկրորդ հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG