Մատչելիության հղումներ

Տնտեսական մեկնաբան․ Կառավարության ծրագիրը ոչ հավակնոտ է, ոչ էլ կբարելավի քաղաքացիների կյանքը


Անցած շաբաթ Ազգային ժողովը հավանություն տվեց կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագրին: Իշխող Հանրապետական կուսակցությունը հավակնոտ և կյանքի որակ բարելավող որակեց այդ փաստաթուղթը: Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը, մինչդեռ, կարծում է, որ ծրագիրը ոչ հավակնոտ է, ոչ էլ կբարելավի քաղաքացիների կյանքը:

«Մինչև այս պահը՝ անցած հինգ տարիների ընթացքում, Հայաստանում գրանցվել է նույնիսկ 7 տոկոս տնտեսական աճ, ընդ որում՝ դա գրանցվել է այն դեպքում, երբ ոչ մի բարեփոխում չի արվել, կոռուպցիան եղել է նույն մակարդակի, եթե չասենք՝ ավելի է խորացել, տնտեսության մոնոպոլիզացիան ոնց եղել էր՝ այդպես կար, ու այդ պայմաններում ստացվել է 7 տոկոս, 7․2 տոկոս․․․ այսինքն՝ այդ պայմաններում, երբ կառավարությունը ոչինչ չի անում, ըստ էության, ստացվում է 7 տոկոս աճ, 4 տոկոս աճ, 5 տոկոս, 6 տոկոս: Ամրագրելով 5-տոկոսանոց տնտեսական աճի թիրախ, կարծում եմ, կառավարությունը իր վրայից թոթափում է որևէ պարտականություն այս ծրագիրը կատարելու կամ չկատարելու», - ասաց Գևորգյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ժամանակ:

«Ընդհանրապես, չզարգացած կամ, ինչպես ասում են, զարգացող երկրների համար տնտեսական աճի նույն ցուցանիշը անհասանելի է, ասենք, շատ զարգացած տնտեսությունների համար: Օրինակ՝ Ճապոնիայում 2 տոկոս տնտեսական աճ արձանագրելու համար տիտանական ջանքեր են պետք», - շեշտեց տնտեսական մեկնաբանը՝ շարունակելով․ - «Հայաստանի պես երկրներում ընդհանրապես ոչ մի բան պետք չի անել՝ ստանալու համար 2, 3, նույնիսկ 4, 5 տոկոս տնտեսական աճը: Այս դեպքում, չեմ կարծում, որ 5 տոկոսը անհասանելի է կամ անիրականանալի է, մանավանդ որ խոսքը կարծեմ գնում է ՀՆԱ-ի 5 տոկոս անվանական աճի [մասին]: Բայց մյուս կողմից, եթե նայենք անցած հինգ տարիների ընթացքում, Հայաստանում արձանագրվել է տնտեսական նվազում՝ դոլարով հաշվարկելու դեպքում: Այսինքն՝ զուտ դրամական փոփոխությունների արդյունքում կարելի է շատ հանգիստ ստանալ 5 տոկոս տնտեսական աճ»:

Հետևաբար, ըստ Գևորգյանի, «եթե այն թիրախներն են, որոնք դրված են այս ծրագրում, իհարկե, կյանքի որակ Հայաստանում չի կարող փոխվել»:

«Օրինակ՝ կառավարությունը իր ծրագրում թիրախավորում է հինգ տարվա ընթացքում տարեկան 5 տոկոսով աճեցնել նվազագույն աշխատավարձը: <...> Իսկ Կենտրոնական բանկի թիրախավորումը գնաճի 4 պլյուս-մինուս 1․5 տոկոսն է, այսինքն՝ 5․5-ից մինչև 2․5 տոկոս գնաճ կարող է լինել: Եթե վերցնենք միջին մակարդակը 4 տոկոս, կստացվի, որ հինգ տարի հետո այդ անվանական աճած աշխատավարձը հավասար կլինի գնաճի ցուցանիշին մոտավորապես, այսինքն՝ գնողունակության նույնիսկ աճ չի լինի», - մանրամասնեց տնտեսական մեկնաբանը:

«Այնպես որ, ես ուղղակի զարմանում եմ, չեմ կարողանում հասկանալ էդ տրամաբանությունը, թե ինչի վրա հիմնվելով են էս ծրագիրը համարում հավակնոտ՝ 5 տոկոս աճը մեզ հեռու չի տանի», - ընդգծեց Հայկ Գևորգյանը:

Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG