Մատչելիության հղումներ

«Ժառանգության» համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին միավորվելու կոչ է անելու ընդդիմությանը


«Ժառանգության» վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը:
«Ժառանգության» վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը:

«Ժառանգությունն այլ կուսակցությունների հետ միավորվելու վերջնական պայմանավորվածություններ չունի», - «Ազատությանը» տեղեկացրեց կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը:

Կուսակցությունների խոշորացման առաջարկ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է հնչեցնում՝ միավորումը իշխանության լծակներին դիմակայելու լավ հնարավորություն համարելով:

ԱԺ ընտրություններից առաջ «Օսկանյան - Րաֆֆի - Օհանյան» դաշինքում միավորված և պաշտոնական արդյունքներով խորհրդարան չանցած Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը ևս, «Ժառանգության» անդամի խոսքով, միավորման որոշում դեռևս չունեն: Բանակցությունները շարունակվում են:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն «Ազատության» եթերում չէր բացառել, որ առաջիկայում դաշինքը կարող է վերաճել կուսակցության:

«Իրենց որոշման վրա կազդեն համագումարին հրավիրված այլ ուժերի կարծիքներն ու մոտեցումները», - «Ազատության» հետ զրույցում ենթադրեց Սուսաննա Մուրադյանը:

Նրա խոսքով՝ կիրակի օրը կայանալիք «Ժառանգության» համագումարում «Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր կամ իրենց ընդդիմադիր հռչակած ուժերին կրկին առաջարկելու է միավորվել»․ - «Բոլորովին առաջարկողը, այս դեպքում «Ժառանգությունը», չի ակնկալում, որ համախմբումը հենց իր շուրջը լինի: Մենք պատրաստ ենք, որ, եթե քննարկումների արդյունքում պարզվի, որ այլ մեկի շուրջը ավելի նպատակահարմար է․․․ Եվ մենք պատրաստ կլինենք հավանաբար ինքներս համախմբվել ավելի արդյունավետ գործողությունների ծրագիր ունեցող մեկի շուրջը»:

Ուզում են միավորվել, Մուրադյանի խոսքով՝ արտահերթ լուծումներ փնտրելու համար․ - «Եթե հերթական լուծումներին սպասենք, ապա հենց այս պահին արտագաղթը ավելի ահագնալի չափերով է՝ համեմատած անցյալ տարիների հետ, առնվազն 350 հազար մարդ արդեն արտագաղթել են, և ևս 5 տարի, տարին 50 հազարով եթե հաշվենք, դա արդեն ազգային անվտանգության խնդիր է դառնում, որը որ նույնպես որևէ մեկի համար գաղտնիք չէ»:

Մուրադյանն ասաց, որ իրենց նպատակն իշխանափոխությունն է, և այդ ճանապարհին չեն բացառում Սահմանադրությամբ ամրագրված պայքարի բոլոր ձևերը, այդ թվում՝ փողոցայինը․ - «Եթե սահմանադրական բարեփոխումներ կոչվածը պետք է բերեր այսպիսի «ընտրությունների», ապա այլ ելք չի մնում, քան պայքարի մյուս մեթոդներն ու ձևերը: Հանգամանքներին համապատասխան մարտավարություն և ռազմավարություն կմշակվի՝ երկիրը այս վիճակից դուրս հանելու համար»:

Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկն ընդդիմադիրներ կուսակցությունների շրջանում դեռևս դրական արձագանք չի գտել: Որոշ ուժեր միավորման անհնարինությունը բացատրում են նախ և առաջ գաղափարական տարաձայնություններով:

Արտաքին գործերի և պաշտպանության նախկին նախարարներ Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի հետ նախընտրական դաշինք կազմելու պատճառով «Ժառանգություն»-ից հեռացած Զարուհի Փոստանջյանը, օրինակ, կարծում է, որ մեկ իշխանավորին մեկ այլ իշխանավորով փոխելը հարցի լուծում չէ:

«Ժառանգության» վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը հույս ունի, որ ընդդիմադիրները կփոխեն իրենց տեսակետը․ - «Այս պահին նստել և խոսել գաղափարական այս կամ այն տարաձայնության մասին, ընդհանուր ճակատով դուրս չգալու կամ համախմբվելու դեմ ինչ-որ փոքրիկ փաստարկներ բերել՝ կարծում եմ, ուղղակի նորմալ չի: Ադեկվատ որևէ ուժ կան գործիչ պետք է մտածի, որ երկիրը անդունդի եզրին է»:

Մուրադյանը պնդում է, թե կիրակի օրը կայանալիք «Ժառանգության» համագումարը բաց է ընդդիմադիրների համար: Ասաց, թե մոտավորապես գիտի նրանց, ովքեր հաստատել են իրենց մասնակցությունը․ - «Օհանյանը գալու է: Գիտեմ, որ Պետրոս Մակեյանն է գալու, Աղասի Արշակյանը գալու է: Օսկանյանը, եթե քաղաքում լինի, գալու է․․․ Բոլորին ասվել է, որ բաց համագումար է, և հրավիրում ենք։ Ովքեր կարձագանքեն, սիրով մեր համագումարի հյուրը կլինեն»:

Ժառանգությունը կիրակնօրյա համագումարում նաև կուսակցության վարչություն կընտրի: Վարչությունն էլ՝ ղեկավար: Սուսաննա Մուրադյանի խոսքով՝ այդ պաշտոնում ուզում են տեսնել Րաֆֆի Հովհաննիսյանին․ - «Պատճառ չեմ տեսնում, որ ինքը չպիտի դառնա վարչության նախագահ: Կամ որևէ իր կողմից էդպիսի խոսակցություն, որ ինքը չի ուզում, կամ դիմի, որ փոխեն․․․ չկա էդպիսի բան առ այս պահը»:

XS
SM
MD
LG