Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկն առայժմ արձագանք չի գտնում


«Բարգավաճ Հայաստանի» ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը, արխիվ:
«Բարգավաճ Հայաստանի» ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը, արխիվ:

Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերի օրակարգում այլ կուսակցությունների հետ միավորվելու հարց չկա:

Կուսակցությունների խոշորացման առաջարկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է անում՝ նման միավորումը իշխանության լծակներին դիմակայելու լավ հնարավորություն համարելով:

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրի ընթացքում Հովհաննիսյանն ասել է, որ հունիսի վերջին կայանալիք «Ժառանգության» համագումարում առաջարկը կներկայացնի խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին: Հույս ունի, որ «մինչև աշուն նաև շոշափելի արդյունքներ կլինեն»:

«Բարգավաճ Հայաստան»-ի (ԲՀԿ) ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը չի կարծում, թե առաջիկա մեկ-երկու ամսներին իրենց օրակարգը կփոխվի․ - «Մեր օրակարգում այլ քաղաքական ուժերի [հետ] միավորվելու կամ այլ քաղաքական ուժերի մեջ տարրալուծվելու խնդիր չկա: Մենք ունենք մեր հստակ օրակարգը, այսօր Հայաստանի քաղաքական դաշտի ամենաառանցքային ուժերից մեկն է «Բարգավաճ Հայաստանը», և ես չեմ տեսնում նման խնդիր մեր օրակարգում, որ հնարավոր է մեկ կամ երկու ամսից հետո առաջանա»:

ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» համագործակցության փորձ ունեն՝ ոչ իշխանական ուժերի քառյակի, այնուհետեւ եռյակի շրջանակներում: Անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը եռյակի գործունեության արդյունք էին համարում։

Զոհրաբյանի խոսքով, ԲՀԿ-ն այսօր էլ պատրաստ է բոլոր քաղաքական ուժերի հետ ռացիոնալ օրակարգի շուրջ համագործակցել՝ պնդելով, թե դրա համար միավորվելն ու մեկ քաղաքական միավոր դառնալը պարտադիր չէ․ - «Իշխանափոխությունը ասելիով չի լինում, գոռալով չի լինում․․․ «Բարգավաճ Հայաստանը» ունի իր առանձին օրակարգը: Մենք գտնում ենք, որ մեր երկրին անհրաժեշտ են լրջագույն արմատական, համակարգային փոփոխություններ: Եվ մեր առաջարկներով, մեր վարած մարտավարությամբ, մեր օրենսդրական առաջարկներով մենք էդ փոփոխությունները, որոնք բերելու են երկրում լրջագույն փոփոխությունների, առաջարկում ենք: Թե չէ թղթի վրա գրել իշխանափոխություն և ասել՝ եկեք իշխանափոխություն իրականացնենք, 25 տարիների Հայաստանի ներքաղաքական էպոպեան ցույց է տվել, որ հայտարարություններով չէ, որ լինում է [իշխանափոխություն]»:

Հարցին, թե արդյոք իրատեսական չի համարում ընդդիմադիր կուսակցությունների՝ նման օրակարգով հարց բարձրացնելը, Զոհրաբյանն արձագանքեց․ - «Ես չեմ ցանկանում «եթե»-ներով հարցեր քննարկել: Երբ որ կլինի էդպիսի օրակարգ, մեզ կդիմեն էդպիսի առաջարկով, մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած օրակարգ»:

Խորհրդարանում 9 պատգամավոր ունեցող «Ելք»-ը Րաֆֆի Հովհաննիսյանից առաջարկ չի ստացել, ուստի, Լենա Նազարյանի խոսքով, միավորման հարց չի քննարկել:

«Ելք»-ը, ի դեպ, նախընտրական դաշինք է․ երեք կուսակցությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների համագործակցության արդյունք:

«Չենք ստացել առաջարկ, մենէ չգիտենք ինչ նկատի ունի պարոն Հովհաննիսյանը: Մինչև կոնկրետ առաջարկ չլինի, մենք չենք քննարկելու դա», - ասաց Նազարյանը:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրեսից» «Ազատությանը» փոխանցեցին՝, թե «կոնկրետություն չկա», ուստի «այս պահին հարկ չեն համարում քննարկել Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG