Մատչելիության հղումներ

Հայաստանի բնակչության թիվը կնվազի․ ՄԱԿ-ի զեկույց


Հանրապետական խմբակցության պատգամավորը հավատում է ոչ թե ՄԱԿ-ի փաստաթղթին, այլ Սերժ Սարգսյանի տեսլականին:

ՄԱԿ-ի հունիսի 21-ին հրապարակած զեկույցի համաձայն, 2050 թվականին Հայաստանի բնակչությունը կկազմի մոտ 2 միլիոն 700 հազար մարդ:Նույն զեկույցի համաձայն, 2100 թվականին Հայաստանի բնակչության թիվն ավելի կնվազի՝ դառնալով 1մլն 849 հազար:

ՄԱԿ-ի կանխատեսումները, փաստորեն, չեն համընկնում նախագահ Սերժ Սարգսյանի տեսլականի հետ։ Մայիսի 18-ին Աժ-ում նախագահը հայտարարեց՝ 2040-ին բնակչության թիվը պետք է մոտ 4 միլիոն լինի։

Ավելին՝ պաշտոնական կանխատեսումները ևս փաստում են, որ նախագահի սպասելիքներն անիրականալի են: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը ներկայացնում է վատատեսական և լավատեսական սցենարները։ Ըստ նրա, վատագույն դեպքում, երբ աղքատության ու արտագաղթի աճին զուգահեռ նվազեն նաև տնտեսական զարգացման ցուցանիշները, 2050 թվականին Հայաստանում կապրի 2 մլն 300 հազար մարդ։ Իսկ լավագույն սցենարի դեպքում, երկրի բնակչությունը կամ կաճի ոչ էական չափով, «ասենք՝ 3 մլն 22 հազար», կամ ընդամենը կպահպանվի այսօրվա ցուցանիշը։

ԱՎԾ-ի այս տարեսկզբին հրապարակած տվյալներով, Հայաստանում ներկայումս ապրում է 2 մլն 986 հազար 151 մարդ։ Հնարավո՞ր է 2040-ին Հայաստանում 4 մլն բնակչություն ունենալ: Այս հարցին Վանիկ Բաբաջանյանն այսպես պատասխանեց․ «Նման սցենար հնարավոր է միգրացիոն որոշակի հոսքեր ապահովելու դեպքում»:

Իշխող Հանրապետականի խորհրդարանական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը կասկածի տակ է դնում ՄԱԿ-ի կանխատեսումն ու իրատեսական համարում Սերժ Սարգսյանի տեսլականը: Հարությունյանը տնտեսական աճ ու ներգաղթ է ակնկալում․ «Այդ [ՄԱԿ-ի] տվյալներն ինձ համար բացարձակապես ուղենիշային չեն, հսկանալի չէ, թե ինչ մեթոդոլոգիայով են նրանք առաջնորդվել: Իսկ Սերժ Սարգսյանի ասածը տեսլական է, ցանկություն է, որին պետք է ձգտել»:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, վերջին 10 տարում երկրի բնակչությունը նվազել է ավելի քան 131 հազարով, իսկ վերջին 20 տարում մոտ 260 հազարով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG