Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապանում պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարանները քանդելու և թալանելու դեպքի առթիվ:
Ըստ Քննչական կոմիտեի, 2017 թվականի հունիսի 12-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Կապան քաղաքի Շահումյան հանքավայրի մոտակայքում 2012 թվականին հայտնաբերված մ.թ.ա. 1-ին հազարամյակի բնակատեղի-դամբարանադաշտ հուշարձանի տարածքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք քանդել և թալանել են երեք դամբարան:
Կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հունիսի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով, ըստ կոմիտեի, բնակատեղի-դամբարանադաշտ հուշարձանի երեք դամբարանները քանդվել և վնասվել են 2017 թվականի փետրվարին: Պարզվում է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ պատճառված վնասի չափը հստակեցնելու, դամբարանի տարածքից հափշտակված առարկաները հայտնաբերելու ուղղությամբ: