Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը «Էլեկտրիկ Երևան»-ի երկու տարին լրանալու կապակցությամբ


Ութ լրագրողական կազմակերպություններ այսօր համատեղ հայտարարություն են տարածել 2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների (#ElectricYerevan) երկու տարին լրանալու կապակցությամբ։

Կազմակերպությունները նշում են, որ երկու տարի առաջ այս օրը Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը ցրելիս ոստիկանները աննախադեպ դաժանություն ցուցաբերեցին նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ։ Ֆիզիկական բռնության ենթարկվեցին տարբեր լրատվամիջոցների 13 լրագրողներ ու օպերատորներ, ևս 11-ի մասնագիտական աշխատանքն ապօրինաբար խոչընդոտվեց ֆոտո և տեսախցիկները միտումնավոր ջարդելու կամ վնասելու, դրանց հիշողության սարքերն առգրավելու, նկարահանված կադրերը ոչնչացնելու և այլ միջոցներով։

Համաձայն Հատուկ քննչական ծառայության տեղեկատվության՝ այդ դեպքերով հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել ԶԼՄ-ների 22 ներկայացուցիչներ։ Սակայն, ըստ լրագրողական կազմակերպությունների հայտարարության, առայսօր մեղադրանք է առաջադրվել և դատական վճիռ է կայացվել ընդամենը 4 ոստիկանի նկատմամբ։ Եվ դա այն դեպքում, երբ համացանցը ողողված է տեսանյութերով, որտեղ բացահայտ երևում են վայրագություններ իրականացնող մի քանի տասնյակ իրավապահներ։

Կազմակերպությունները հատկանշական են համարում, որ վերոհիշյալ չորս անձանց մեղադրանք առաջադրվեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ մեկ այլ՝ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը մայրաքաղաքի Խորենացի փողոցում ու Սարի թաղում կիրառված լայնածավալ բռնություններից հետո, երբ նախագահը հրապարակավ ներողություն խնդրեց լրագրողներից։ Մինչդեռ, եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին և բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր։

«Մենք՝ ներքոստորագրյալներս, ևս մեկ անգամ արտահայտելով մեր վրդովմունքը 2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, ինչպես նաև 2016-ի հուլիսի 17-ից 30-ը Խորենացի փողոցում ու Սարի թաղում իրավապահ մարմինների գործողությունների առնչությամբ և արձանագրելով, որ այդ իրադարձությունների քննության համար ձեռնարկած միջոցներն ու դրանց արդյունքները չեն համապատասխանում բռնությունների ծավալներին, վերահաստատում ենք իշխանություններին ուղղված մեր պահանջները՝ անաչառ վերաբերմունք ցուցաբերել հարուցված քրեական գործերի նկատմամբ, ապահովել դրանց արդյունավետությունը և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին՝ անկախ զբաղեցրած պաշտոններից», - ասված է համատեղ հայտարարությունում։

Հայտարարությունը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, լրագրողների «Ասպարեզ» ակումբը, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան»-ը, «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպությունը, Գորիսի մամուլի ակումբը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG