Մատչելիության հղումներ

Լոռու և Շիրակի մարզերի զարգացման ծրագրերում 88-ի երկրաշարժից անօթևան մնացածների մասին նշումներ այլևս չկան


Տեսարան Գյուլագարակից
Տեսարան Գյուլագարակից

Լոռու և Շիրակի մարզերի զարգացման ծրագրերում ու ռազմավարություններում 88-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների մասին նշումներ այլևս չկան։

Մարզպետարաններն աղետի գոտու վերացումն իրենց ռազմավարական ուղղությունը չեն համարում։

Պաշտոնական տվյալներով՝ Գյումրիում և Վանաձորում պետությունն արդեն պարտավորություններ չունի տնակներում բնակվողների նկատմամբ, իսկ գյուղերում երկրաշարժից տուժած և տան կարիք ունեցող ընդամենը 345 ընտանիք Լոռիում և 170 ընտանիք Շիրակում է մնացել։

Մինչդեռ գյուղերում ասում են, որ աղետից տուժածների ցուցակներն արհեստականորեն են մաղվել։ Տնակում ապրողները, ովքեր տարիներ շարունակ անհույս սպասել են իրենց բնակարանամուտին, ասում են. - «Որոշեցին աղետի գոտին վերացնեն՝ փաստաթղթային, ձևական թղթաբանությամբ։ Հենց ընտրությունները գալիս են, այդ ցուցակները մեջ են բերում։ Ասում են՝ «էս թուղթը բերեք, էն բերեք», մենք էլ հավաքում ենք, գնում ենք սիրուն ընտրում ենք, որ հեսա մեր տները պետք է տան, բայց ոչ մեկի հարցը չեն լուծել»։

Գյուլագարակցի Խաչիկ Թորոսյանը երկրաշարժից հետո մինչև 94 թվականը Ստեփանավանի տարածաշրջանում աղետի հետևանքների վերացման աշխատանքների պատասխանատուն է եղել։ Նա ասում է, որ դրանից հետո արդեն կողքից է հետևել, թե ինչ է կատարվում աղետի գոտին վերականգնելու համար։

Թորոսյանն ապաշնորհ կառավարման հետևանք է համարում այն, որ մինչև այսօր աղետի գոտում անօթևան մարդիկ կան, ընդ որում մի քանի անգամ ավելի շատ, քան պաշտոնական թվերն են։ «Գյուլագարակ գյուղում սկզբից 150 հոգու ցուցակ կար, որոնք բնակարանային հարցեր ունեին՝ կորցրած բնակարանի մասի է խոսքը, հետո այդ ցուցակը դառավ 80, հետ՝ 39-ը, հետո՝ 11։ Ամեն մի փոքր պատճառ բռնելով այդ ցուցակը կամաց-կամաց 150-ը դարձրեցին 11, 11-ից էլ մի չորս հոգու փոխհատուցում տվեցին, որով, որ նա չէր կարող տուն սարքել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչիկ Թորոսյանը։

Գյուլագարակում հերթով նշում էին իրենց ցուցակներից հանելու պատճառները։ Մուշեղ Սուքիասյանը ցույց էր տալիս տեղաշարժված քարերով ու մեծ ճաքերով կանգուն մնացած իր տունն ու արդեն ժանգոտած տնակը, որտեղ ապրում է մոտ 30 տարի։

Նա էլ սկզբում ընդգրկված է եղել երկրաշարժի հետևանքով անտուն մնացածների ցուցակում, սակայն 10 տարի առաջ վերևներից հայտնել են, թե պետությունն այլևս պարտավորություն չունի նրա նկատմամբ, քանի որ դեռ իր հորից ժառանգած տունը կառուցվել է առանց շինարարական նախագծի։

«Դե էն ժամանակ, հատկապես գյուղական բնակավայրերում, ով ոնց ուզում էր, տենց էլ տունը կառուցում էր՝ ո՛չ մի նախագիծ, ո՛չ մի բան։ Կառավարությունը ոնց որ առիթից օգտվի, մարզպետարանի բանով ոնց որ որոշեն, որ հազիվ նախագիծ չկա, բերեք որոշենք, որ մենք ոչ մի պարտավորություն չունենք», - պատմեց Սուքիասյանը։

Հարևան Ջրաշենը երկրաշարժի հետևանքներն ամենաշատն զգացած գյուղերից է։ Գյուղի հողաշինարար Սուրիկ Մանուկյանն ասում է՝ դեռ մոտ 50 ընտանիք տան կարիք ունի։ Վերջին անգամ իրենց գյուղում 2012-ին են տուն կառուցել, դրանից հետո գյուղում այլևս շինարարներ չեն երևացել։ Կառավարության ծրագրերում նոր շինարարության ժամկետները, ըստ Մանուկյանի, տարեցտարի հետաձգվում են։ «Տարին տարու վրա փոխում են, 16-ը փոխում են 17, 17-ը, տենանք, կարող ա 18 », - ասաց Սուրիկ Մանուկյանը։

Չնայած պաշտոնական պնդումներին, թե երկրաշարժի հետևանքով տուն կորցրածների ցուցակները պարզապես ճշգրտվել են, գյուղերում ապրողները նայում են շուրջն ու եզրակացնում, թե կաշառքն ու հովանավորչությունն այս հարցում մեծ դեր ունեն։

«Կա՝ նենց մարդու են սարքել, որ 3, 4 հատ տուն ունի, մարդ էլ կա տուն չունի, չեն սարքել։ Մենք էլ չունենք տենց բարձր տեղ աշխատող հարազատ, որ մեզ էլ սարքեն», - ասաց գյուղացիներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG