Մատչելիության հղումներ

Երևանը և Նյու Դելին շարունակում են բանակցել ռազմատեխնիկական համագործակցության շուրջ․ Դեսպան


Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվան, Երևան, 22-ը հունիսի, 2017 թ․
Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվան, Երևան, 22-ը հունիսի, 2017 թ․

«Մենք շատ ուժեղ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, այն շատ բարեկամական երկիր է մեզ համար: Մենք համագործակցել ենք միջազգային ասպարեզում և շարունակելու ենք անել դա»,- ասել է դեսպան Յոգեշվար Սանգվանը:

Հայաստանն ու Հնդկաստանը շարունակում են բանակցությունները ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության շուրջ: Այսօր այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանը: Դեսպանը նշեց, որ հստակ պայմանավորվածությունների ու ժամկետների մասին խոսել չի կարող, բայց համագործակցությունը տեղի կունենա իր ժամանակին:

«Այժմ կողմերը քննարկում են համագործակցությունն այս ոլորտում: Ես չունեմ որևէ հստակ ժամանակացույց, բայց դա տեղի կունենա ժամանակին՝ երկու կողմերի բանակցությունների հիման վրա»,- ասաց Սանգվանը:

Ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորության մասին «Ազատությանը» երկու ամիս առաջ ասել էր պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի փոխնախագահը, ընդգծելով՝ «երկու երկրների ղեկավարները քննարկում են այդ հարցը՝ հիմք ընդունելով համատեղ պահանջները»:

Համաշխարհային բանկի տվյալներով աշխարհի յոթերորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող Հնդկաստանի դեսպանն այսօր վերահաստատեց՝ իր երկիրը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում: Ի դեպ, նշենք՝ Հնդկաստանը նաև միջուկային զենք ունեցող փոքրաթիվ երկրներից մեկն է:

«Հնդկաստանը պատրաստակամ է՝ համագործակցել Հայաստանի հետ բոլոր ոլորտներում, մենք ունենք գերազանց երկկողմ հարաբերություններ: Նույնիսկ պաշտպանական ոլորտում մենք բաց ենք Հայաստանի հետ համագործակցելու համար: Այդ հարցն արդեն քննարկվել է Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև, և մենք առաջ կշարժվենք՝ անելով հնարավոր ամեն ինչ»,- ասաց Յոգեշվար Սանգվանը:

Նկատենք՝ Ադրբեջանին զենքի մեծածավալ մատակարարումներ է իրականացնում Հնդկաստանի հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող Պակիստանը: Հայաստանում Հնդկաստանի դեսպանն այսօր, այդուհանդերձ, վստահեցրեց՝ Պակիստանի գործոնը հայ-հնդկական հարաբերություններում դերակատարում չունի:

«Հնդկաստանն իր հարաբերությունները որևէ երկրի հետ չի կառուցում՝ հիմնվելով երրորդ գործոնի վրա: Հետևաբար, մեր հարաբերությունները Հայաստանի հետ կախված չեն որևէ կողմնակի ազդեցությունից: Մենք թույլ չենք տալիս, որպեսզի երրորդ կողմերն ազդեն մեր հարաբերությունների վրա: Մենք շատ ուժեղ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, այն շատ բարեկամական երկիր է մեզ համար: Մենք համագործակցել ենք միջազգային ասպարեզում և շարունակելու ենք անել դա»,- «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց դեսպան Յոգեշվար Սանգվանը:

Չնայած երկկողմ հարաբերությունների խորացման մասին հայտարարություններին, հայ-հնդկական առևտրատնտեսական փոխգործակցության ծավալները մեծ չեն: Ըստ, Ազգային վիճակագրական ծառայության, անցած տարի երկկողմ առևտուրը կազմել է ընդամենը 20,8 միլիոն դոլար կամ Հայաստանի ողջ արտաքին առևտրի 0,4 տոկոսը: Մինչդեռ, Համաշխարհային բանկի վերջին տվյաներով՝ 2015 թ․ Հնդկաստանի բնակչությունն ավելի քան 1 միլիարդ 311 միլիոն էր, իսկ տնտեսության ծավալը՝ 2 տրիլիոն 91 միլիարդ դոլար:

Հնդկաստանի դեսպանի կարծիքով, ցածր ապրանքաշրջանառության պատճառներից մեկը Հայաստանի փոքր շուկան և փոքրաթիվ բնակչությունն է: «Բայց մեր կառավարությունն արդեն քայլեր է իրականացնում ԵՏՄ-ի հետ (որին անդամակցել է Հայաստանը) ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, և ես հույս ունեմ, որ դա կօգնի մեր տնտեսական հարաբերություններին: Ավելին՝ Հնդկաստանի փոխնախագահի վերջին այցի ընթացքում քննարկվել են որոշ ծրագրեր, և մենք աշխատելու ենք դրանց իրականացման ուղղությամբ: Օրինակ՝ Հայաստանում հայ-հնդկական բիզնես ֆորումի կազմակերպումը: Ես հույս ունեմ, որ մենք առաջ կշարժվենք՝ զարգացնելով տնտեսական կապերը»,- շարունակեց Հնդկաստանի դեսպանը:

Նա ընդգծեց՝ հատկապես մեծ ներուժ կա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության առումով, արդեն որոշ հնդկական ընկերություններ եկել են Հայաստան՝ ուսումնասիրելու բանկային ու ապահովագրական ոլորտներում ծրագրային ապահովումներ առաջարկելու հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG