Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր


Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին Երևանի պետհամալսարանում, 26-ը ապրիլի, 2017 թ․

Հայ-հնդկական առևտրատնտեսական փոխգործակցության ծավալները չնչին են: Ըստ, ԱՎԾ-ի, անցած տարի երկկողմ առևտուրը կազմել է ընդամենը 20,8 միլիոն դոլար կամ Հայաստանի ողջ արտաքին առևտրի 0,4 տոկոսը:

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկում են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր: Այսօր, պատասխանելով «Ազատության» հարցին, այս մասին ասաց այցով Հայաստանում գտնվող՝ Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին: «Սրանք հարցեր են, որ երկու երկրների ղեկավարները քննարկում են՝ հիմք ընդունելով համատեղ պահանջները»,- հավելեց Հնդկաստանի փոխնախագահը:

Նշենք, որ Հնդկաստանի հետ լարված հարաբերություններ ունեցող Պակիստանն ընդգրկուն ռազմատեխնիկական համագործակցություն ունի Ադրբեջանի հետ: Անցած տարվա հոկտեմբերին Բաքվում էր Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը: Վերջինիս հետ բանակացություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր․ «Ցանկանում ենք Պակիստանից ձեռք բերել ամենաժամանակակից, բարձր տեխնոլոգիական սպառազինություն: Այս հարցում լիակատար համաձայնության ենք հասել»:

Փետրվարին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ այցելության ժամանակ Իլհամ Ալիևն ու Նավազ Շարիֆը շարունակեցին ռազմատեխնիկական համագործակցության շուրջ բանակցությունները, պաշտոնապես հայտարարվեց, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել պակիստանյան ռազմաարդյունաբերական համալիրի արտադրանքի գնման վերաբերյալ: Մանրամասներ չհաղորդվեցին, թեև անցած տարվա սեպտեմբերին՝ Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Երևանում կայացած զորահանդեսից հետո, որի ժամանակ ցուցադրվեցին «Իսկանդեր» հրթիռային համալիրներ, լրատվամիջոցները գրեցին, որ Պակիստանի աջակցությամբ Ադրբեջանը ձեռնամուխ է լինելու բալիստիկ հրթիռների սեփական արտադրությունը հիմնելուն:

Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի՝ ապրիլի 24-ին մեկնարկած հայաստանյան եռօրյա պաշտոնական այցի շրջանակում երեկ, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը, բարձրաստիճան հյուրն ընդգծել էր․ «Հնդկաստանն ունի կարողություններ և պատրաստ է դրանք կիսել Հայաստանի հետ թե՛ ճարտարագիտության, թե՛ մեքենաշինության, թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների, թե՛ առողջապահության, այդ թվում՝ դեղագործության, թե՛ գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում»:

Անսարիին երեկ ընդունել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի վարչակազմի մամլո ծառայության փոխանցմամբ, «զրուցակիցները երկուստեք համակարծիք են եղել, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-հնդկական հարաբերություններն ամուր հիմք են միջպետական կապերի ամրապնդման և տարբեր ոլորտներում համագործակցության օրակարգն ընդլայնելու համար»:

Այս ամենով հանդերձ, սակայն, հայ-հնդկական առևտրատնտեսական փոխգործակցության ծավալներն իրականում չնչին են: Ըստ, Ազգային վիճակագրական ծառայության, անցած տարի երկկողմ առևտուրը կազմել է ընդամենը 20,8 միլիոն դոլար կամ Հայաստանի ողջ արտաքին առևտրի 0,4 տոկոսը: Համաշխարհային բանկի վերջին տվյաներով՝ 2015 թ․ Հնդկաստանի բնակչությունն ավելի քան 1 միլիարդ 311 միլիոն էր, իսկ տնտեսության ծավալը՝ 2 տրիլիոն 91 միլիարդ դոլար: Այս թիվը գերազանցում է ողջ Եվրասիական տնտեսական միության տնտեսության ընդհանուր ծավալը բնութագրող ցուցանիշը:

Այսօր Երևանի պետական համալսարանում, դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը, Հնդկաստանի փոխնախագահին հարց տրվեց՝ ի՞նչ հեռանկար է տեսնում Հայաստանի միջոցով ԵՏՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու համար: «Երեկ օրվա մեծ մասն անցկացրեցինք Հայաստանի ղեկավարության հետ քննարկելով, թե ինչպես կարող ենք առաջ մղել մեր երկու երկրների միջև առկա համագործակցությունը:

Այդ համագործակցությունը, ինչպես ես ու Հայաստանի ղեկավարությունն է պատկերացնում, մեկ ուղղությամբ համագործակցություն չէ: Օգտագործելու ենք այս կամ այն միության, երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների շրջանակում առկա բոլոր միջոցները՝ առաջ մղելու մեր շահերին համապատասխանող համագործակցությունը»,- պատասխանեց Հնդկաստանի փոխնախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG