Մատչելիության հղումներ

Սենատը Ներկայացուցիչների տանը կոչ է անում ընդունել Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցները


ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյն, Վաշինգտոն, 16-ը մայիսի, 2017թ.
ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյն, Վաշինգտոն, 16-ը մայիսի, 2017թ.

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ՝ Իրանի պատժամիջոցների փաթեթում

Ամերիկացի սենատորները Ներկայացուցիչների տանը կոչ են անում ընդունել Սենատի հավանությանն արժանացած օրինագիծը, որով առաջարկվում է խստացնել և ընդարձակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

Ռուսաստանին վերաբերող առաջարկները կցված են Իրանի նկատմամբ պատժամիջոցների փաթեթին: Օրենքի ուժ ստանալու համար Ներկայացուցիչների տունը պետք է փաթեթն ընդունի և փոխանցի նախագահ Դոնալդ Թրամփին՝ վավերացման համար: Ընդ որում, եթե նախագահը հրաժարվի այն ստորագրել, Ներկայացուցիչների տունը կարող է քվեարկությամբ շրջանցել Թրամփի վետոն:

Հանրապետականները լրացուցիչ քննարկում են պահանջում

Բայց հարցն, ըստ ամենայնի, մոտ ապագայում դրան չի հասնի, քանի որ Ներկայացուցիչների տան հանրապետական ղեկավարները երեկ որոշել են փաթեթի քվեարկությունը միառժամանակ սառեցնել և այն ուղարկել արտաքին հարցերի հանձնաժողով՝ լրացուցիչ քննարկման:

Սենատում կան հանրապետական օրենսդիրներ, ովքեր հայտնի են Մոսկվայի հանդեպ իրենց ընդգծված կոշտ վերաբերմունքով: Նրանց թվում է վետերան քաղաքական գործիչ՝ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ջոն ՄըքՔեյնը:

«Կես տարի է անցել, ոչինչ չի արվել»

«Անցած շաբաթ Սենատն ընդունել է 2016 թվականի ամերիկյան ընտրություններին միջամտելու և ագրեսիվ այլ քայլերի դիմելու համար նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարած Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցները խստացնելու օրինագիծը: Հուսով եմ, որ մյուս պալատը կձեռնարկի միջոցներ՝ այս փաթեթը նախագահի սեղանին հասցնելու համար»,- ասել է ՄըքՔեյնը: Նրա խոսքով՝ «բոլորս գիտենք, որ ռուսները միջամտել են ընտրություններին, կես տարի է անցել, բայց դեռ ոչինչ չի արվել»:

Ընթացակարգային հնարք

Այդ փաթեթը Սենատում ընդունվել է քվեների 98 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ: Սակայն Ներկայացուցիչների տան հանրապետական ղեկավարները հայտարարել են, որ հարկ է նախ պարզել՝ արդյո՞ք այն չի հակասում երկրի Սահմանադրությանը:

Բանն այն է, որ փաստաթղթի դրույթներից մեկում, որն առնչություն չունի ռուսների դեմ պատժամիջոցների հետ, կա մի կետ, որը նախատեսում է կառավարության եկամտի ավելացում, իսկ ԱՄՆ-ի Սահմանադրության համաձայն, միայն Ներկայացուցիչների տունը կարող է հեղինակել որևէ օրինագիծ, որը դաշնային կառավարության եկամտի ավելացում է ենթադրում:

Դեմոկրատները համոզված են, որ հանրապետականները նախագահի հանդեպ հավատարմության մղումով են դիմել այդ զուտ ընթացակարգային հնարքին:

«Պուտինը համոզվում է, որ ագրեսիան ձեռնտու է»

Սենատոր ՄըքՔեյնը երեկ ասել է, որ անհրաժեշտ են ավելի խիստ պատժամիջոցներ: «Դեռ 8 ամիս առաջ է ամերիկյան հետախուզությունը հրապարակավ ահազանգել, որ հենց Ռուսաստանի կառավարությունն է նախաձեռնել գրոհն ամերիկյան դեմոկրատիայի վրա, և այդ անցած 8 ամիսների ընթացքում ռուսների կառավարությունը որևէ պատիժ չի կրել: Այդպես Վլադիմիր Պուտինը համոզվում է, որ ագրեսիան ձեռնտու է»,- ասել է սենատորը: Պատժամիջոցների փաթեթի ճակատագիրն այս պահին հայտնի չէ, բայց, բոլոր դեպքերում, այն կքննարկվի և որոշում կընդունվի:

Պատժամիջոցը՝ նվեր Պորոշենկոյին

Փաթեթում կան ոչ միայն նոր պատժամիջոցներ կամ արդեն գործողների խստացում: Փաստաթղթում կարևոր է դիտվում մի դրույթ, որի համաձայն, նախագահը զրկվելու է առանց Ներկայացուցիչների տան համաձայնության, մեղմել կամ չեղարկել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:

Ներկայացուցիչների տունն առայժմ հետաձգում է նոր պատժամիջոցների սահմանումը, մինչդեռ՝ Սպիտակ տունն, իր հերթին, սահմանում է նորերը: Դրանց մասին հայտարարվել է երեկ՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի այցի օրը:

Ռուսները պատժամիջոցներն անարձագանք չեն թողնի

Այս նոր նախաձեռնության նպատակն է՝ ռուսներին պատժել Արևելյան Ուկրաինայի ռուս անջատականներին սատարելու համար: Մոսկվայում, բնականաբար, վրդովմունքով են արձագանքել դրան՝ խոստանալով պատասխան քայլեր:

«Բնականաբար, պատժամիջոցներին պատասխանելու գլխավոր սկզբունքը փոխադարձությունն է: Դա հասկանալի է և ընկալելի: Պատժամիջոցների մասին լուրը ցավով ենք ընդունել»,- ասել է նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG