Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի համոզմամբ՝ Վաշինգտոն իր աշխատանքային այցի գլխավոր արդյունքը Սպիտակ տանը ստացած հավաստիացումն էր առ այն, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները չեն մեղմացվի, քանի դեռ չի փոխվել Ղրիմի և Արևելյան Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի հետ հանդիպումներից հետո` Սպիտակ տան դիմաց հրավիրված ասուլիսում: Պորոշենկոյի պնդմամբ՝ այսօր Վաշինգտոնում խոսում են բացառապես Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների խստացման մասին:
«Այսօր Միացյալ Նահանգները գրեթե ամեն օր հավելյալ պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի հանդեպ: Նման մոտեցման պայմաններում կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ը Ուկրաինայի վստահելի և հաստատակամ ռազմավարական գործընկերն է», - ասաց Ուկրաինայի նախագահը:
Այս հայտարարությունից մի քանի ժամ անց պաշտոնական Վաշինգտոնի տեսակետը Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հարցում վերահաստատեց Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը:
«Կարծում եմ՝ մենք շատ հստակ ասել ենք, որ պատժամիջոցների առկայության պատճառներից մեկը հենց դա է. քանի դեռ նրանք դուրս չեն եկել Արևելյան Ուկրաինայից, մենք շարունակելու ենք պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ: Եվ մենք վստահ ենք, որ քանի դեռ այդ իրավիճակը չի փոխվել, պատժամիջոցները պահպանվելու են: Այս հարցն այսօր քննարկվել է նախագահի [Պորոշենկոյի] հետ հանդիպման ընթացքում, և կարող եմ ասել, որ մենք շարունակելու ենք հետամուտ լինել խնդրի լուծմանը», - ասաց Սպիտակ տան խոսնակը:
Սպիտակ տուն այցելության ընթացքում Պորոշենկոյի հիմնական զրուցակիցը, սակայն, ոչ թե Դոնալդ Թրամփն էր, այլ Մայք Փենսը: Միայն Փենսի հետ բանակցությունների ավարտից հետո էր, որ Պորոշենկոն այցելեց նաև Օվալաձև սրահ, որտեղ էլ կայացավ նրա հանդիպումը Թրամփի հետ:
Ամերիկյան հանրային ռադիոյի՝ NPR-ի բնութագրմամբ` «Սպիտակ տանը որոշեցին կարմիր գորգ չփռել Պորոշենկոյի ոտքերի տակ: Սպիտակ տունը Պորոշենկոյի հետ հանդիպումն անվանեց «կարճատև զրույց»:
Բայց նույնիսկ կարճատև այդ հանդիպման ընթացքում Պորոշենկոն չէր թաքցնում իր ոգևորությունը: «Սա մեծ պատիվ է, շատ հաճելի է այսօր գտնվել Ձեր կողքին, Ուկրաինայի ամենավստահելի ռազմավարական գործընկեր հանդիսացող Միացյալ Նահանգների հարգելի նախագահ: Մենք փորձում ենք ազատություն և ժողովրդավարություն պարգևել Եվրոպայի ամենամեծ պետությունը հանդիսացող, 45 միլիոն բնակչություն ունեցող Ուկրաինային: Ես վստահ եմ, որ Ուկրաինան հաջողության կհասնի, և այդ հաջողության ճանապարհին մեր աջակիցներից մեկը Միացյալ Նահանգներն է լինելու», - հայտարարում էր Պորոշենկոն՝ դիմելով Թրամփին:
Միացյալ Նահանգների նախագահը ևս այս կարճատև հանդիպման ընթացքում ընդգծում էր կարևորությունը, որ Վաշինգտոնում տալիս են Ուկրաինային և այնտեղ ծավալվող զարգացումներին:
«Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի հետ հանդիպումը մեծ պատիվ է: Մենք շատ լավ քննարկում ունեցանք, օրվա ընթացքում բանակցությունները կշարունակվեն, կարող եմ ասել, որ արդեն իսկ լուրջ առաջընթաց է արձանագրվել», - հայտարարում էր Թրամփը:
Ամփոփելով Սպիտակ տանը կայացած բանակցությունները՝ Պետրո Պորոշենկոն նշեց, որ ուկրաինական պատվիրակությունը կարողացավ հասնել իր առջև դրված հիմնական նպատակներին:
«Մենք Միացյալ Նահանգների կողմից շատ հստակ աջակցություն ստացանք: Միացյալ Նահանգները աջակցություն է հայտնում մեր ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անկախությանը: Բացի այդ, ամերիկյան կողմը հաստատակամորեն աջակցում է մեր կողմից իրականացվող բարոփխումներին», - ասաց Ուկրաինայի նախագահը:
Պորոշենկոյի վաշինգտոնյան այցի մյուս կարևորագույն դրվագներից մեկը այցելությունն էր Պենտագոն: Այստեղ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը մեկ անգամ ևս հայտարարեց, որ պաշտոնական Վաշինգտոնը սատարում է Ուկրաինային Ռուսաստանի դեմ մղվող պայքարում:
«Նույնիսկ ագրեսիայի վտանգին, կիբերհարձակումներին և հարևանների կողմից իրականացվող նմանատիպ այլ քայլերին առերեսվելով` Ձեր երկիրը ինքնապաշտպանության հարցում շատ հաստատակամ էր: Միացյալ Նահանգները ձեզ հետ է: Ինքնիշխանության, միջազգային իրավունքի առջև ծառացած վտանգների պայմաններում մենք աջակցում ենք ձեզ», - հայտարարում էր ԱՄՆ պաշտպանության նախարարը: