Մատչելիության հղումներ

Պորոշենկոն Թրամփի հետ հանդիպմանը խոսել է Ուկրաինայի ժողովրդավարական բարեփոխումների մասին


ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Պետրո Պորոշենկոյի հանդիպումը Սպիտակ տանը, 20-ը հունիսի, 2017թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն բարձր է գնահատել ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու իր երկրի հանձնառությունները Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը:

«Մեծ պատիվ է և շատ հաճելի է Ձեզ հետ՝ Ուկրաինայի ամենավստահելի և ռազմավարական գործընկերոջ հետ լինել, սիրելի պարոն նախագահ»,- ասել է Պորոշենկոն Թրամփին այսօր Սպիտակ տանը կայացած հանդիպմանը․ - «Մենք իսկապես պայքարում ենք ազատության և ժողովրդավարության համար: Եվ անվտանգության ու պաշտպանության ոլորտներում մեծ աջակցության, բարեփոխումներին աջակցության, 45 միլիոնանոց մեր ազգին աջակցության շնորհիվ, ես վստահ եմ, որ Ուկրաինան հաջողության պատմություն է դառնալու: Շատ հպարտ եմ, որ Դուք, պարոն նախագահ, և Միացյալ Նահանգները՝ հովանավորում են այս հաջողության պատմությունը»:

Թրամփն իր հերթին լրագրողների հետ կարճ ճեպազրույցում բարձր է գնահատել հանդիպման ընթացքը:

«Շատ լավ քննարկումներ ունեցանք: Դրանք կշարունակվեն օրվա ընթացքում: Կարծում եմ, որ արդեն մեծ առաջընթաց է արձանագրվել: Մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ, պարոն նախագահ»,- ասել է ԱՄՆ ղեկավարը:

Հանդիպումից հետո Սպիտակ տունը կարճ հաղորդագրություն է հրապարակել՝ տեղեկացնելով, որ երկու նախագահները քննարկել են «արևելյան Ուկրաինայում կոնֆլիկտի խաղաղ հանգուցալուծմանն ու նախագահ Պորոշենկոյի բարեփոխումների օրակարգին և հակակոռուպցիոն ջանքերին ուղղված աջակցությունը»:

Ուշագրավ է, որ Սպիտակ տանը պաշտոնական ընդունելության արարողություն տեղի չունեցավ: Միջազգային հեռուստաընկերությունների ուղիղ հեռարձակումները ցույց տվեցին, որ Պորոշենկոն ժամանեց Սպիտակ տուն և ներս մտավ: Քիչ անց նա արդեն հանդիպում էր Դոնալդ Թրամփի հետ:

Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էր, որ հունիսի 20-ին Դոնալդ Թրամփը հանդիպում է ունենալու ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի հետ, որն ընդատվելու է փոխնախագահ Մայք Փենսի և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հանդիպումով: Լրատվամիջոցները նշում են, որ դատելով հանդիպման արարողակարգային «զուսպ բնույթից»՝ Սպիտակ տունը չի ցանկանում զայրացնել Կրեմլին:

Ամեն դեպքում Թրամփ-Պորոշենկո հանդիպումից առաջ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն ընդլայնեց Ռուսաստանի ընկերությունների ու քաղաքացիների պատժամիջոցների ցանկը: Հրապարակված շուրջ երեք տասնյակ անուններ ընդգրկող «սև ցուցակում» ավելացվել են Ռուսաստանում, Ղրիում ու Ուկրաինայի արևելյան շրջաններում գործող ռուսական ընկերություններ, բանկեր, ինչպես նաև անհատների՝ ներառյալ գործարարների և բարձրաստիճան պաշտոնյաների անուններ:

Թրամփ-Պորոշենկո հանդիպումը Կիևը ծայրահեղ կարևոր է համարում՝ ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ Ուկրաինայի հարաբերությունները զարգացնելու համար:

Պորոշենկոյի առաջին հանդիպումը Թրամփի հետ կայանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թրամփի հնարավոր հանդիպումից առաջ: Ակնկալվում է, որ Թրամփը մասնակցելու է Գերմանիայում, Համբուրգում հուլիսի 7-8-ը կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովին, որտեղ հնարավոր է Թրամփի ընտրվելուց հետո առաջին անգամ հանդիպեն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ղեկավարները:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ անհրաժեշտություն չեն տեսնում մրցավազքի մեջ մտնել, թե ԱՄՆ-ին ով առաջինը կներկայացնի Ուկրաինայի իրավիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG