Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հայտարարում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։
Ադրբեջանական կողմը հայտնել է, թե իբր կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ և գերեվարվել է մեկ հայ զինծառայող։ Նկատենք, որ զինվորի անունը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի նշել։
«Պաշտպանության բանակը նման բնույթի գործողություն չի իրականացրել: Ավելին, երբ հակառակորդին սանձելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ, դրանց հետևանքների ցավոտ լինելը իրենց երկար սպասեցնել չեն տալիս: Պարզապես նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, հակառակորդի զինուժը հերթական «հաղթանակն» է արձանագրել վիրտուալ տիրույթում և փորձել ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: