Մատչելիության հղումներ

Այսօր տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստը, որի ընթացքում գործադիրը հավանություն է տվել կառավարության ծրագրին։

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, կառավարության՝ 2017-2022 թվականների Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիրը ներկայացրել է փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Ծրագրի առանցքում լայնամասշտաբ բարեփոխումներն են:

Վաչե Գաբրիելյանը նշել է, որ ծրագիրը հենվում է նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձի, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) և Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) նախընտրական ծրագրերի և կոալիցիոն հուշագրի սկզբունքների հիման վրա, ինչպես նաև լայն հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարների վրա:

Կառավարության ծրագրի տեսլականը հիմնված է անվտանգ, արդար, ազատ և խելացի Հայաստան ունենալու սկզբունքի վրա։ Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ յուրաքանչյուր բաժնում նշված են նախորդ 9 ամսում կառավարության կողմից իրականացված ախտորոշման արդյունքում բացահայտված խնդիրները և դրանց առարկայական լուծումները: Դրանք միտված են թե´ շարունակելու կառավարության կողմից 9 ամսվա ընթացքում արդեն կատարված նախաձեռնությունները, թե´ երկարաժամկետ զարգացման հիմքեր են դնում՝ նախատեսելով առարկայական միջոցառումներ, որոնք մոտակա 5 տարում հստակորեն նշված ժամկետներում կառավարությունը պատրաստվում է իրականացնել: Հստակ ամրագրված են այն առաջնահերթությունները և տեսլականը, որ կառավարությունն ունի արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում, այն է՝ ազատ, անկախ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի խորացող կապը և Հայաստանի անվտանգությունը՝ որպես տնտեսական զարգացման գրավական:

Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաժնից՝ պետական կառավարման և իրավական համակարգ, արտաքին քաղաքականություն և պաշտպանություն, տնտեսության առաջընթաց և սոցիալական ոլորտ: Յուրաքանչյուր բաժնում արտացոլված է նաև գերատեսչությունների կողմից արդեն իսկ հստակորեն ժամկետներով ներկայացված բարեփոխումների ցանկը, որոնք երկարաժամկետ առումով զարգացում են ապահովելու ամբողջ երկրում:

«Կարծում եմ՝ կառավարության ծրագիրը բավական հավակնոտ խնդիրներ է դրել իր առջև: Մենք ֆիքսել ենք, թե ինչ նպատակի ենք ցանկանում հասնել և´ տնտեսության, և´ գործազրկության, և´ նվազագույն աշխատավարձի, և´ արտահանման ծավալների, ինչպես նաև հարկեր-ՀՆԱ հարաբերակցության առումով: Բացի այդ, ըստ ոլորտների հստակ ձևակերպել ենք այն գործողությունները, բարեփոխումները և անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է անենք, որպեսզի հասնենք այդ նպատակին», - անդրադառնալով ծրագրին՝ ասել է վարչապետը:

Կառավարության ծրագիրը կներկայացվի Ազգային ժողով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG