Արդեն հաստատվել է Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված Մեծ Բրիտանիայի օժանդակության ծրագիրը, այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը։
Դեսպանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը շահագրգռված է համագործակցելու Հայաստանի կառավարության հետ կոնկրետ ուղղություններով։
Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին նաև ասել է, որ բրիտանական ընկերությունների շրջանում մեծ է հետաքրքրությունը Հայաստանի արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Նա հույս է հայտնել, որ ՏՏ ոլորտի հայաստանյան 17 և բրիտանական 100 ընկերությունների ներկայացուցիչների միջև մարտին կայացած հանդիպումների արդյունքում կստորագրվեն բիզնես պայմանագրեր և ավելացրել, որ այդ ուղղությամբ արդեն իսկ կատարվում են կոնկրետ քայլեր:
Կարեն Կարապետյանը կարևորել է բրիտանական կապիտալի և բիզնես կառավարման մշակույթի ներգրավումը Հայաստանում նախատեսվող տարբեր ծրագրերում և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է կոնկրետ ուղղություններով ծավալել ակտիվ գործակցություն: