Մատչելիության հղումներ

Ռուսական ներդրումները Հայաստանում կազմում են ընդհանուր ներդրումների 47 տոկոսը. Սերժ Սարգսյան


Ռուսաստանը Հայաստանում ամենամեծ ներդրողն է, այսօր հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայ-ռուսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ խորհրդակցության ժամանակ։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը նշել է, որ ռուսական ներդրումները Հայաստանում կազմում են ընդհանուր ներդրումների 47 տոկոսը, ռուսական կապիտալը ներկայացված է Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտներում:

«Ես համարում եմ, որ այսօրվա տնտեսական հարաբերությունները թեև արտացոլում են մեր երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունների մակարդակը, այնուհանդերձ, այստեղ ունենք բավականաչափ ներուժ, և դրա օգտագործումն է, որ պետք է զարգացնի նաև մեր տնտեսությունը», - ասել է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով. - «Երկկողմ հարաբերություններում էական դեր ունեն Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր հայրենակիցները՝ հայկական համայնքը, ովքեր ոչ միայն զարգացնում են Ռուսաստանի տնտեսությունը, այլ նաև ներդրումներ են կատարում Հայաստանում, մասնակցում են մեր կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում: Ես համարում եմ, որ վերջին ժամանակահատվածում համագործակցության մի շատ մեծ ոլորտ է ի հայտ եկել, և մենք ուղղակի պարտավոր ենք ջանքեր գործադրել այդ ոլորտի զարգացման համար. դա զբոսաշրջության ոլորտն է»:

Վերջին հինգ ամիսների ընթացքում, ըստ նախագահի, Հայաստան այցելած Ռուսաստանի քաղաքացիների թիվը 25 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

«Ես վստահ եմ, որ տարեկան արդյունքը շատ ավելի բարձր է լինելու: Սա շուկա է, որը մենք, անպայման, պետք է օգտագործենք՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ զբոսաշրջությունը ոչ միայն տնտեսություն է, ոչ միայն բիզնես է, այլ երկու ժողովուրդների միջև հարաբերություններն ամրապնդելու շատ լուրջ գործոն: Ինչպես ասացի, մեր տնտեսական օրակարգը բավականաչափ հագեցած է՝ մենք մեծ ծավալի ծրագրեր ենք իրականացնում, և սրանով բավարարվելն ուղղակի մեր կողմից կլինի անպատեհություն, մեծ սխալ: Եվ հենց այս առիթով ուզում եմ տեսնել, պարո՛ն դեսպան, թե ապագայի համար մենք ի՞նչ ծրագրեր ենք նախանշում, և կա՞ն արդյոք խոչընդոտներ, որ պետք է վերացնենք: Այդ խոչընդոտները կարող են լինել տարաբնույթ՝ իրավապայմանագրային դաշտից սկսած մինչև երկու կողմից չինովնիկների անպատասխանատու վերաբերմունք», - ասել է նախագահը:

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը զեկուցել է, որ 2016 թվականին և 2017 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը շարունակել է զարգանալ՝ համալրվելով առավել նպատակային ծրագրերով և ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված առաջնահերթություններով:

Ըստ դեսպանի, դրական առաջընթաց է գրանցվել երկկողմ առևտրաշրջանառության և մասնավորապես՝ հայկական արտադրանքի Ռուսաստան արտահանման ծավալների մեծացման ուղղությամբ, իսկ զբոսաշրջային համագործակցության ոլորտում նոր հեռանկարներ են բացվել՝ պայմանավորված Ռուսաստանի քաղաքացիների ներքին անձնագրերով Հայաստան մուտք գործելու որոշմամբ:

«Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլում, այդուհանդերձ, առկա են որոշ հարցեր, մասնավորապես՝ առևտրաշրջանառության տիրույթում, որոնք ենթակա են երկու երկրների միջև գործող տնտեսական համագործակցության միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների քննարկմանն ու վերանայմանը», - ընդգծել է Տողանյանը՝ նշելով հատկապես Հայաստանից Ռուսաստան ապրանքների և ծառայությունների արտահանման հարցում դեռևս պահպանվող ֆինանսական և մաքսային որոշ սահմանափակումները, Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիների աշխատանքային միգրացիայի խնդիրները, Ռուսաստանի տարածաշրջաններում Հայաստանի ապրանքատեսականու ներկայացվածության ոչ բավարար մակարդակը և մի շարք այլ հարցեր, որոնք համակարգման և լուծման կարիք ունեն:

Դեսպանը նաև առաջարկություններ է ներկայացրել ուղղված հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած հանդիպմանը հանգամանորեն քննարկվել են Տողանյանի զեկույցում ներկայացված ցուցանիշները, խնդիրներն ու առաջարկությունները:

Սերժ Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG