Մատչելիության հղումներ

ԱՆ. Երևան-Մոսկվա ավտոբուսի վթարից տուժածներից 3-ը դուրս են գրվել հիվանդանոցից


Ռուսաստանի Տուլայի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Ստուպինոյի հիվանդանոց տեղափոխված 6 տուժածներից 3-ը ստացել են ամբուլատոր բժշկական օգնություն և դուրս գրվել, իսկ մյուս 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

Տուլայի հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող 3 տուժածից 2-ը երեխա է:

Նախարարությունը նշում է, որ բոլոր տուժածները հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում:

«Հայաստանի առողջապահության նախարարությունը մշտական կապ է պահպանում Ռուսաստանի Դաշնության համապատասխան բժշկական կազմակերպությունների հետ», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, երեկ Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանում վթարի է ենթարկվել Երևան-Մոսկվա միկրոավտոբուսը։ Ավտոբուսի վթարից 1 մարդ մահացել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG