Մատչելիության հղումներ

Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները քննարկել են արաբական երկրի շուրջ ստեղծված իրավիճակը


Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի
Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի

Այսօր կարճատև աշխատանքային այցելությամբ Կատարի մայրաքաղաք Դոհա ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին:

Հայաստանի արտգործնախարարության մամլո հաղորդագրության համաձայն, Նալբանդյանն իր կատարցի գործընկերոջն է հանձնել Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին ուղղված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։

Նախարարները քննարկել են Սերժ Սարգսյանի՝ Դոհա կատարած այցելության ընթացքում Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև անդրադարձել են Պարսից ծոցում և Կատարի շուրջ զարգացումներին։

«Այս համատեքստում արտգործնախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանն ավանդական ջերմ հարաբերություններ ունի արաբական երկրների հետ և մշտապես ամենայն ուշադրությամբ է հետևում իրադարձություններին արաբական աշխարհում։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ բոլոր հարցերը պետք է լուծել երկխոսության միջոցով, քանզի դա հնավորություն է ընձեռում առավել լավ ընկալել միմյանց դիրքորոշումները և համատեղ լուծումներ գտնել», - ասված է հաղորդագրությունում։

Հունիսի 5-ին Արաբական աշխարհի 7 պետություններ, այդ թվում` Սաուդիան Արաբիան, Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը հայտարարեցրին, թե սառեցնում են դիվանագիտական կապերը Կատարի հետ, քանի որ նավթով ու գազով հարուստ այդ երկիրը աջակցում է ահաբեկիչներին ու փորձում ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:

Դոհան կտրականապես հերքում է այս մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG