Մատչելիության հղումներ

Նախագահն այցելել է «Սոֆտկոնստրակտ» և «Պիկսարտ» ՏՏ ընկերություններ


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Երևանում այսօր կայացել է «Սոֆտկոնստրակտ» ընկերության գրասենյակի բացման արարողությունը, որին մասնակցել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ընկերությունը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ մասնավորապես, զբաղվում է բազմապրոֆիլ ծրագրավորմամբ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված «Սոֆտկոնստրակտ»-ը ներկայումս գրասենյակներ է բացել աշխարհի 14 երկրներում և ունի ավելի քան 500 գործընկեր:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Սոֆտկոնստրակտ»-ի նորաբաց գրասենյակում՝ ծանոթացել կատարված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին, առաջարկվող ծառայություններին և ընկերության զարգացման ծրագրերին:

Երկրի ղեկավարին ներկայացվել են նաև ծրագրավորման գրասենյակների ընդլայնման համար ընկերության հիմնանորոգվող երկրորդ մասնաշենքի հնարավորություններն ու նախատեսվող ծրագրերը:

Նախագահը այցի ընթացքում ծանոթացել է «Սոֆտկոնստրակտ»-ի երևանյան գրասենյակի հիմնադիրներ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գործունեության այլ ուղղություններին ևս: Նշվել է, որ խմբի մեջ մտնող ընկերությունները ներկայումս ունեն 2203 աշխատակից և 2017 թվականին նախատեսում են այդ թիվն ավելացնել ևս 300-ով:

Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող մեկ այլ՝ «Պիկսարտ» ընկերության գրասենյակ, որը գործունեություն է ծավալում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարևանությամբ՝ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում: 2011-ին ԱՄՆ-ում հիմնադրված «Պիկսարտ» ընկերությունը ներկայումս գրասենյակներ ունի Սան Ֆրանցիսկոյում, Տոկիոյում և Երևանում:

Ընկերության համահիմնադիրների և ոլորտի պատասխանատու պետական պաշտոնյաների ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել «Պիկսարտ»-ի հայաստանյան գրասենյակում՝ ծանոթացել հիմնումից ի վեր անցած երեք տարիների ընթացքում ընկերության ձեռքբերումներին, առաջիկա տարիների զարգացման ծրագրերին և նպատակներին, որոնցից «Պիկսարտ»-ում կարևորում են հատկապես արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման ճյուղերի զարգացումը: Ընկերության պատասխանատուների հավաստմամբ, այն կխթանի Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումն ու կնպաստի մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև միջազգային ներդրումների ներգրավմանն ու հայկական նոր ստարտափ ընկերությունների ստեղծմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG