Մատչելիության հղումներ

Ալավերդիում հրազենով սպանության համար մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդին


Ալավերդու համայնապատկեր, արխիվ
Ալավերդու համայնապատկեր, արխիվ

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի 26-ամյա բնակչին:

Հիշեցնենք՝ հունիսի 13-ին ժամը 12:10-ի սահմաններում Ալավերդիում հնչել են կրակոցներ, որոնց արդյունքում ստացված հրազենային վնասվածքներից մահացել է 39-ամյա Կամո Փիրուզյանը:

«Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կամո Փիրուզյանի ուղղությամբ Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել նույն քաղաքի մեկ այլ բնակիչ՝ ծնված 1991թ.։ Դեպքի պահին վերջինս գտնվել է նույն հասցեում գտնվող ծաղկի վաճառքի սրահում, որտեղից էլ սկսել է կրակոցներ արձակել դրսում գտնվող Կ. Փիրուզյանի ուղղությամբ, ինչը շարունակել է ծաղկի սրահից դուրս գալուց հետո, ապա նաև՝ ոտքերով հարվածել տուժողի մարմնի տարբեր մասերին», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք) 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Մեղադրյալը հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի, շարժառիթների վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG