Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին գերմանացի քաղաքական, պետական և հասարակական ականավոր գործիչ Հելմութ Քոլի մահվան կապակցությամբ` հայ ժողովրդի և անձամբ իր անունից խորին ցավակցություն հայտնելով Գերմանիայի կանցլերին, անվանի պետական գործչի ընտանիքին և բարեկամ գերմանացի ժողովրդին:
«Դաշնային Կանցլեր Քոլը ժամանակակից աշխարհի և Եվրոպայի այն մեծ առաջնորդներից էր, որի տեսլականների և վճռական կամքի շնորհիվ ապահովվեց Եվրոպայի շարունակական առաջընթացն ու բարգավաճումը, ամրապնդվեց Գերմանիայի միջազգային հեղինակությունը», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է հեռագրում:
Հելմութ Քոլը, ով Գերմանիան ղեկավարել է «սառը պատերազմի» և վերամիավորման տարիներին, մահացել է երեկ՝ 87 տարեկան հասակում: