Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խստացրել է քաղաքական կուրսը Կուբայի նկատմամբ, սակայն չի խզել դիվանագիտական կապերը, ինչպես շատերն էին մտավախություն հայտնում:
Հունիսի 16-ին ելույթ ունենալով Մայամիում՝ Թրամփը հայտարարել է, որ չեղարկում է պաշտոնական Հավանայի հետ հարաբերությունների կարգավորման մասին «սխալ» և «միակողմանի» համաձայնագիրը, որ կնքել է նախկին նախագահ Բարաք Օբաման: Նոր հրամանագրով Թրամփը խստացրել է ամերիկացիների համար Կուբա ճամփորդելու կարգը և սահմանափակել ամերիկյան գործնական կապերը կուբայական ընկերությունների հետ, որոնք առնչություն ունեն զինվորականների հետ:
ԱՄՆ քաղաքացիները այժմ կարող են Կուբա մեկնել միայն զբոսաշրջային ընկերությունների օգնությամբ: Արգելվում են բոլոր տեսակի գործարքները կուբայական զինվորականության հետ, որը վերահսկում է գրեթե ամբողջ տնտեսությունը: Բացառություն է արված միայն օդային և ծովային ուղևորատար փոխադրումների համար:
Միացյալ Նահանգների և Կուբայի ղեկավարները երկու երկրների միջև 1961 թվականին խզված դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համաձայնության մասին հայտարարեցին 2014 թվականի դեկտեմբերին, հաջորդ տարվա հուլիսին Վաշինգտոնում և Հավանայում վերաբացվեցին երկու երկրների դեսպանատները: 2016-ի մարտին Բարաք Օբաման պատմական այց կատարեց Կուբա: