Մատչելիության հղումներ

Թրամփը մտադիր է սահմանափակել Կուբայի հետ համագործակցությունը․ Reuters


Կուբայի բնակչուհին ծածանում է ԱՄՆ դրոշը, մինչ ավելի քան կեսդարյա ընդմիջումից հետո Միացյալ Նահանգներից Հավանա է ժամանում առաջին զբոսանավը, 2-ը մայիսի, 2016թ․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է խստացնել ամերիկացիների համար Կուբա ճամփորդության կարգը և սահմանափակել համագործակցությունը կուբայական ընկերությունների հետ, որոնք վերահսկում են զինվորականները: Ինչպես հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, սպասվում է, որ նախագահը այդ մասին պաշտոնապես կհայտարարի Մայամիում:

Այսպիսով, Թրամփը հնարավոր է հետ քաշվի Կուբայի հետ մերձեցման կուրսից, որն ուրվագծել է նախկին նախագահ Բարաք Օբաման: Ընտրվելուց հետո Թրամփը խոստացել էր խզել հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը, եթե պաշտոնական Հավանան հրաժարվի Վաշինգտոնի համար բարելավել պայմանագրի պայմանները:

ԱՄՆ քաղաքացիները կարող են ճամփորդել դեպի Կուբա, սակայն այժմ նրանք պետք է օգտվեն զբոսաշրջային ընկերությունների ծառայությունից: Նոր սահմանափակումները արգելում են ուղղակի վճարումներ կուբացի զինվորականներին: Սա կարող է բացասաբար անդրադառնալ տեղական զբոսաշրջության վրա, քանի որ կղզու հյուրանոցների և զբոսաշրջային ընկերությունների մեծ մասը պատկանում է Կուբայի բանակին:

Միացյալ Նահանգների և Կուբայի ղեկավարները երկու երկրների միջև 1961 թվականին խզված դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համաձայնության մասին հայտարարեցին 2014 թվականի դեկտեմբերին, հաջորդ տարվա հուլիսին Վաշինգտոնում և Հավանայում վերաբացվեցին երկու երկրների դեսպանատները: 2016-ի մարտին Բարաք Օբաման պատմական այց կատարեց Կուբա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG