Մատչելիության հղումներ

Իրավապաշտպաններին ու փաստաբաններին մտահոգում է բուժսպասարկման մակարդակը բանտերում


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը

Իրավապաշտպաններն ու փաստաբաններն ահազանգում են, որ կառավարությունը շարունակում է անտարբերություն ցուցաբերել բանտերում կալանավորների առողջական խնդիրների նկատմամբ՝ ժամանակին չտրամադրելով բուժօգնություն եւ անհրաժեշտ դեղորայք։

Հայաստանի տարբեր բնակավայրերից բազմաթիվ քաղաքացիներ ամեն ամիս շտապում են Երևան՝ սնունդ, հագուստ, դեղորայք և անհրաժեշտ այլ պարագաներ հանձնելու Նուբարաշենի բանտում պահվող հարազատներին։

Գագիկ Ղազարյանը, ով այսօր Աբովյանից մայրաքաղաք էր եկել, «Ազատությանը» պատմեց, որ որդին մաշկային հիվանդություն ունի, ուստի բերել է անհրաժեշտ դեղորայքը:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հանձնուքների ընդունման բաժնում մինչև աշխատանքային օրվա ավարտը բազմամարդ է։ Սննդից բացի, բանտում գտնվողների հարազատների ծանր պայուսակներում նաև դեղեր կան՝ ցավազրկողից մինչև շաքարային դիաբետի համար նախատեսված դեղամիջոցներ։ «Ազատության» դիտարկմանը, որ բանտում նրանց պարտավոր են ապահովել նաև դեղորայքով, հարազատներն արձագանքեցին, որ չեն էլ սպասում բանտի ղեկավարությանը, պարզապես բերում են իրենց հարազատներին անհրաժեշտ դեղորայքը:

Նուբարաշենում հանդիպեցինք նաև ոստիկանի նկատմամբ բռնության հոդվածով երկու տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի հորը։ Նա նույնպես դեղեր էր բերել որդու համար․ - «Ծունկն ա ցավում: Տարել են կենտրոնական հիվանդանոց նկարել են, ո՛չ բուժում են նշանակել, ո՛չ ախտորոշել են»:

Դեղորայքը մինչև բանտախուց հասնելը ստուգվում է դեղատան աշխատակցի՝ Վարդուհի Կարաֆիլյանի կողմից: Նա ասում է, թե նախորդ տարիներին վիճակն ավելի լավ էր․ - «Այս տարի մի քիչ ավելի վատ է սպասարկումը, ստանալը դեղերի, քան ասենք թե այլ տարիներին․․․ Մենք ունենք դեղորայք, բայց որոշ բաներ չունենք»:

Ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով անցած տարի կարճ ժամանակ անցկացրեց Նուբարաշենի բանտում՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքով, պնդում է, թե բանտերը ղեկավարում է քրեական աշխարհը, անգամ կալանավորին դեղորայք հատկացնելու, բուժելու հարցը լուծվում է նրանց անմիջական մասնակցությամբ․ - «Կար մեկը, որը երկու օր ատամնացավից շատ նեղվում էր, մի հատ իրան ցավազրկիչ չէին տալիս: Խնդիրը, խորքայնությունը կայանում է նրանում, որ դա դիտավորյալ արվում է, որպեսզի կալանավորը կախվածության մեջ ընկնի․․․»

Բանտերում ոչ պատշաճ բուժօգնության խնդիրը մտահոգում է նաև իրավապաշտպաններին ու փաստաբաններին, ովքեր պնդում են՝ կառավարությունը կալանավորներին բուժօգնություն և անհրաժեշտ դեղորայքը ժամանակին չի տրամադրում:

Փաստաբան Նինա Կարապետյանցը պնդում է, թե այս հարցի վերաբերյալ պաշտոնական հերքումները չեն համապատասխանում իրականությանը։ Որպես օրինակ փաստաբանը հիշեցնում է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի և բանտում հանկարծամահ եղած Հրաչյա Գևորգյանի դեպքերը․ - «Լավ ինչքա՞ն մարդ պիտի մեռնի, որ սրանք խախանդվեն․․․ Իրենք դատապարտյալներին ու կալանավորներին, ինձ թվում է, մարդ չեն համարում: Ամբողջ խնդիրը գալիս է այդտեղից»:

Փաստաբան Արայիկ Պապիկյանն կոնկրետ օրինակ է բերում․ Նուբարաշենի բանտում չկան անհրաժեշտ բժշկական սարքավորումներ․ - «Նրանց ամբողջ զինանոցը բուժսարքավորումների առումով, հավանաբար ջերմաչափն է և ճնշում չափելու գործիքը»:

Անդրադառնալով դատապարտյալների հիվանդանոցին՝ Պապիկյանը շեշտում է, թե այնտեղ մասնագետների պակաս կա, նաև դեղերը ժամանակին չեն հասցվում հիվանդ կալանավորներին։ Փաստաբանը բերեց ոստիկանության գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամ Արմեն Լամբարյանի օրինակը, ով, ըստ փաստաբանների, ոչ բոլոր դեղերն էր ստանում:

Փաստաբանները կասկածներ ունեն, որ քրեակատարողական հիմնարկներին հատկացված գումարը, որ պետք է ուղղվի առողջապահական խնդիրների լուծմանը, կոռուպցիոն շղթայի մաս է կազմում․ - «Գումարները հատկացվում են, սակայն դրանք առարկայական նպատակին չեն ծառայում: Ըստ պաշտոնական փաստաթղթերի, որը մատուցվում է, այդ ամենը հատկացվում է»:

Բանտերում առողջապահական խնդիրների մասին անցած շաբաթ զեկույց հրապարակեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ Արման Թաթոյանը գրել էր, որ կան դեպքեր, երբ քրեակատարողական հիմնարկներում ոչ պատշաճ խնամքի առկայությունը կարող էր կոնկրետ իրավիճակում մահվան հիմք հանդիսանալ։

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն «Ազատության» հետ զրույցում, մինչդեռ, պնդում է, որ այս ոլորտում բարեփոխումները շարունակվում են․ - «Արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի աջակցությամբ լայնածավալ ծրագիր է իրականացնում մեր քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների բարելավման ուղղությամբ: Մասնավորապես կատարվում են վերապատրաստումներ ամբողջ բժշկական և ոչ-բժշկական անձնակազմի, սարքավորումների ձեռք բերում է իրականացվել, և շուտով այդ սարքավորումները արդեն կտեղադրվեն»:

Բանտերում հասարակական դիտորդություն իրականացնող խմբի տվյալներով, 2016-ին քրեակատարողական հիմնարկներում հիվանդությունից մահացել է 22 բանտարկյալ։ 2011-2016-ի ընթացքում՝ 160 բանտարկյալ։

Արդարադատության նախարարության տվյալներով, Հայաստանում ազատազրկված է այժմ ավելի քան 4000 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG