Մատչելիության հղումներ

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը մահացել է


Այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնում ժամը 16։00-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում մահացել է «Հաց բերող» անունով հայտնի 49-ամյա Արթուր Սարգսյանը։

Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանի փոխանցմամբ՝ մահվան նախնական պատճառը սիրտ-անոթային սուր անբավարարությունն է։

«Մահվան պատճառն, այսպես կարող եմ նախնականով ասել, որ այնտեղ գրված էր, որ սրտային անբավարարություն՝ սիրտ-թոքային անբավարարություն։ Վիրահատությունից հետո բերվել է մեր բաժանմունք, գտնվել է արհեստական ապարատային շնչառության տակ, այդպես էլ շնչառությունը չկարգավորվեց և եղավ սրտի կանգ, այսինքն՝ սիրտ-անոթային համակարգի սուր անբավարարություն, այդ պատճառով էլ նա մահացել է», - ասաց Մակարյանը։

Բժիշկը հայտնեց, որ գիշերը շտապօգնության մեքենայով Արթուր Սարգսյանին բերել են հիվանդանոց և վիրահատություն կատարել։ «Բերվել է մեր հիվանդանոց «օղակված ճողվածք» դիագնոզով, իսկ դա այն ժամանակ, որ նա ունեցել է աղիի օլորում այդ իսկ պատճառով վիրահատվել է։ Իսկ մնացածն առաջին անգամ, որ նա ընդունվել է մեզ մոտ, հաջորդ օրը մենք տեղափոխել ենք Գաստրոէնտերոլոգիական բաժանմունք և այնտեղից նա տուն է գնացել», - ասաց Մակարյանը։

Տասը օր առաջ, երբ փոխվեց «Հաց բերողի» խափանման միջոցը և նա ազատ արձակվեց։ Սարգսյանը դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ մի քանի օր մնալուց հետո դուրս էր գրվել։

Մինչ այդ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր։ Նա բողոքի այդ ակցիայով պահանջում էր ազատ արձակել իրեն՝ պնդելով, որ բուժման կարիք ունի։

Նա մի շարք լուրջ հիվանդություններ ուներ։ Հիվանդանոցում մի քանի օր բուժում ստանալուց հետո բժիշկներն «Ազատության»-ն ասել էին, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Այսօր հիվանդանոցում էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով այլ պատգամավորների հետ միասին գումար էր վճարել՝ նրան ազատ արձակելու համար։ Փաշինյանը նրա մահվան համար մեղավոր է համարում իշխանություններին։

«Իշխանությունն, այո՝ իշխանությունը, այո՝ համակարգը, այո՝ Քննչական կոմիտեն, այո՝ գլխավոր դատախազությունը, այո՝ գլխավոր դատախազը, այո՝ Հատուկ քննչական ծառայության քննիչը, այո՝ Հատուկ քննչական ծառայության պետը՝ բոլորը, ո՞ւմ եք ուզում նշեմ, այո՛, իհարկե մեղավոր են բոլոր այն մարդիկ, որ ոչինչ չարեցին, որ այդ մարդն ազատության մեջ հայտնվի, բոլորը մեղավոր են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փաշինյանը։

Ընկերները ևս իշխանություններին ուղղեցին քննադատության սլաքը. - «Մեղավորը, թե պատասխանատուն իհարկե իշխանություններն են՝ այս դաժան, դահիճ ռեժիմը»։

Արթուր Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբին օժանդակելու մեջ, գնդի տարածքը գրավելու օրերին նա ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել գնդի տարածք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG