Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանիա Թրամփը այցելել են հրազենային կրակոցներից վիրավորված հանրապետական կոնգրեսական Սթիվ Սքալիսին:
Կոնգրեսականը գտնվում է Վիրջինիայի հիվանդանոցում: Ազդրից վիրավորված Սքալիսի վիճակը կայուն ծանր է գնահատվում: Նա կրկին վիրահատվելու է: Գնդակը ջարդել է նրա ազդրոսկրը՝ առաջացնելով ներքին լուրջ վնասվածքներ:
Թրամփի այցելությունը վիրավորված կոնգրեսականին մոտավորապես մեկ ժամ է տևել: Նախագահը գովաբանել է ոստիկաններին, որոնք չեզոքացրել են զինյալին, և ամերիկացիներին կոչ է արել մի կողմ դնել իրենց քաղաքական տարաձայնությունները: «Մենք ուժեղ ենք, երբ միասնական ենք և միասին աշխատում ենք ընդհանուր բարօրության համար», - ասել է Թրամփը:
Ենթադրվում է, որ երեկ Վաշինգտոնին մերձակա Ալեքսանդրիայի բեյսբոլի դաշտում տեղի ունեցած բռնությունը կարող է քաղաքական երանգ ունենալ, ամեն դեպքում, հարձակվողը՝ 66-ամյա Ջեյմս Հոջկինսոնը, Հանրապետական կուսակցության դեմ տրամադրված անձնավորություն էր: Նա սոցցանցերում բազմաթիվ քննադատական գրառումներ, մեկնաբանություններ է թողել նախագահ Թրամփի և հանրապետականների հասցեին, մի խմբի անդամ էր, որը կոչվում է «Վերջացնել Հանրապետական կուսակցությանը»: Անցած տարվա նախագահական ընտրությունների ժամանակ Հոջկինսոնը կամավոր անդամագրվել էր Դեմոկրատական կուսակցության թեկնածու առաջադրվելու համար պայքարող Բերնի Սանդերսի նախընտրական արշավին:
Սանդերսը խստորեն քննադատել է հարձակումը՝ ասելով, թե ցնցված է այդ զազրելի գործողությունից, և ընդգծել․ - «Բռնության ցանկացած դրսևորում մեր հանրության համար անընդունելի է»:
Երեկվա միջադեպում կոնգրեսականից բացի ևս չորս վիրավորներ կան՝ հիվանդանոց են տեղափոխվել Կոնգրեսի երկու աշխատակից և երկու ոստիկան, վերջիններս վիրավորվել են հարձակվողի հետ փոխհրաձգության ժամանակ, իսկ հարձակվողը մահացել է ոստիկանների պատասխան կրակոցներից:
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 14-ի առավոտյան Ալեքսանդրիայի բեյսբոլի դաշտում, որտեղ մարզվում էին Կոնգրեսի հանրապետականների թիմի երկու տասնյակից ավելի անդամներ, այդ թվում՝ օրենսդիրներ, խորհրդականներ, աշխատակիցներ:
Վիրավորված Սթիվ Սքալիսը Ներկայացուցիչների պալատում իր դիրքով հանրապետականների երրորդ բարձրաստիճան կոնգրեսականն է, Պալատում մեծամասնություն կազմող հանրապետականների համակարգողը: