Մատչելիության հղումներ

Տաջիկստանի նախագահի Հայաստան այցի շրջանակում մի շարք փաստաթղթեր են ստորագրվել


Հայաստանի և Տաջիկստանի նախագահները հայտարարություններով են հանդես գալիս մամուլի համար, Երևան, 14-ը հունիսի, 2017թ․
Հայաստանի և Տաջիկստանի նախագահները հայտարարություններով են հանդես գալիս մամուլի համար, Երևան, 14-ը հունիսի, 2017թ․

Երեկ երկօրյա պաշտոնական այցով Երևան ժամանած Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ընդունվել է Ռահմոնի այցի արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարություն, նաև ստորագրվել են Հայաստանի և Տաջիկստանի միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր:

Մասնավորապես, երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել են Քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին, Օդային հաղորդակցության մասին, Հեռահաղորդակցության և փոստային կապի բնագավառում համագործակցության մասին, Կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին, Երիտասարդության հետ աշխատանքի և սպորտի բնագավառում համագործակցության մասին, Առողջապահության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրերը, համագործակցության համաձայնագրեր են ստորագրել Հայաստանի և Տաջիկստանի գլխավոր դատախազությունները, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան և Տաջիկստանի գիտությունների ակադեմիան, երկու երկրների արտգործնախարարությունները ստորագրել են 2018-2019 թվականների համագործակցության ծրագիրը:

Սերժ Սարգսյանը և Էմոմալի Ռահմոնը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:

Երեկ ավելի վաղ Տաջիկստանի նախագահն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, հուշահամալիրի Հիշողության պուրակում ջրել էր իր տնկած եղևնին:

Էմոմալի Ռահմոնի հետ այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Հայաստանի վարչապետն ու Տաջիկստանի նախագահն ընդգծել են, որ երկու երկրների կառավարությունները պետք է շարունակեն ջանքեր գործադրել՝ երկկողմ տնտեսական հարաբերություններն ավելի ակտիվացնելու, առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու և համատեղ տարբեր ծրագրեր իրականացնելու համար: Այդ առումով, կողմերը կարևորել են Երևանում հայ-տաջիկական գործարար համաժողովի անցկացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի գործարար կապերի ընդլայնմանը», - ասված է Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG